կարևոր
793 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-03 15:01
Քաղաքական

Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան

Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան

«Հանգամանքը, որ խորհրդարանի ընդդիմադիր ֆրակցիաները օգոստոսի 2–ին այցելեցին Մայր Աթոռ ու արժանացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանը, ոչ միայն խորհրդանշական է, այլ նաեւ հատկանշական՝ այն ռազմավարական, էքզիստենցիալ խնդիրների համատեքստում, որ կանգնած է Հայաստանում ցանկացած ուժի առաջ, որն ունի, այսպես ասած, արդիական ընդդիմություն լինելու հավակնություն եւ հայտ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է՝ դեռեւս օրեր առաջ անդրադարձել էր նոր խորհրդարանի առաջին նիստին Կաթողիկոսին չհրավիրելու՝ մեծամասնության քայլին, ակնարկելով հենց այն, որ պետք էլ չէ, որ մեծամասնություն ուժը հղեր այդ հրավերը։ Ամեն ինչ շատ օրինաչափ է եւ դրանով իսկ շատ էական ու օգտակար։ Նշել է, որ՝ ովքեր գիտակցում ու պատկերացնում են հարցի կարեւորությունը, իրենք գիտեն Մայր Աթոռի ճանապարհը։

«Ուժերը, որոնք նշածս ստրատեգիական, էքզիստենցիալ առաքելության առաջ են՝ գնացին այդ ճանապարհով։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ այդ ճանապարհը շատ երկար է, բայց անխուսափելի՝ եթե մենք խոսում ենք հայկական պետականության հնարավորինս հարթ ճանապարհ կառուցելու հրամայականի մասին։ Այդ «շինարարությունը» չի կարող կտրված լինել աշխարհակարգային վերափոխումից, որ տեղի է ունենում մակրոմիջավայրում։ Եվ այստեղ է, որ Հայ Առաքելական եկեղեցու հանգամանքը այն դավանա–քաղաքական առանցքային բաղադրիչն է, որ անխուսափելի ուղեկից եւ կենսական անհրաժեշտություն է աշխարհակարգային մեծ վերափոխման գործընթացում առհասարակ։

Եվ այդ իմաստով, հենց նաեւ Հայ Առաքելական եկեղեցին, ու առավելապես Հայ Առաքելական եկեղեցին, որ մեզ՝ որպես պետություն ու հանրություն, «հասարակից» տեղափոխում է առանձնահատուկ ներուժի հարթություն ու մակարդակ։ Այս իմաստով ես շաբաթներ առաջ ողջունել էի օրինակ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խոսքը, որ ներկայացնելով ուժի գաղափարաբանական հիմքի ձեւավորման սկզբունքը, մատնացույց էր արել, որ դրանում էական է հայ ժողովրդի առանձնահատկության շեշտադրումը՝ որպես համաշխարհային ազգ։

Այս արտահայտությունը մեզանում ինչ–ինչ պատճառներով արժանացել է բավականին հեգնական գնահատականների, տարիներ շարունակ։ Համարել են անհարկի «մեծամտության» դրսեւորում։ Գործնականում, դա բացարձակ մեծամտության կամ անհարկի սնապարծության հանգամանք չէ, այլ օբյեկտիվ իրողություն, որի հետ հաշվի չնստելը նեղմտություն է, հենց՝ անհարկի նեղմտություն։ Սա չի նշանակում, որ ինքնին դրա արձանագրումը լուծում է ամեն ինչ։ Ավելին, այդ մասշտաբի արձանագրումը ըստ էության պարտավորություն է, պատասխանատվություն, այն իրականացնելու, ստանձնելու, հանձնառության գիտակցում, առաքելություն։ Բայց հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձեւավորելու վճռորոշ սահմանը»։