|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․
«Չորս տարի առաջ էր, որ այս ամբիոնից ելույթ էի ունեցել։ Երևի թե մի այդքան ժամանակահատված անցել է։ Գիտե՞ք, այս չորս տարիների ընթացքում Արցախը հայաթափվել է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում կա օկուպացիա, գտնվում ենք աշխարհաքաղաքական չափազանց բարդ իրավիճակում, ունենք սոցիալ-տնտեսական մարտահրավերներ։
Բայց այս ամենը ինչի՞ համար եմ ասում։ Ասում եմ ոչ թե նրա համար, որ մեզանից յուրաքանչյուրը ողբի տրամադրության մեջ լինի, այլ ճիշտ հակառակը՝ ունենա համոզմունք, որ այս իրավիճակից մենք դուրս ենք գալու։
Այս իրավիճակից դուրս գալու մեր պատկերացումը, մեր տեսլականը, մեր երազանքը մենք ներկայացրել էինք մեր հայրենակիցներին։ Շատ կարճ՝ դա «Ուժեղ Հայաստանն» է։
Արդյո՞ք մեր հայրենակիցները հնարավորություն ունեցել են ազատորեն իրենց կամքն իրացնելու։ Քանի որ շատ խոսվեց ընտրությունների մասին, թույլ տվեք անդրադառնալ դրան։
Դուք կարծես թե հակադարձեցիք մեզ «ընտրակաշառքներ» ձևակերպմամբ։ Գործընկերներից մեկը նույնիսկ կարծես դա կատեգորիկ դատողությամբ էր ներկայացնում՝ իբրև մի երևույթ, որ դա տեղի է ունեցել և այլն։
Ես նկատել էի՝ վերջին օրերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրեթե բոլոր ներկայացուցիչները խոսում էին անմեղության կանխավարկածից։ Ճիշտ էին անում։ Անմեղության կանխավարկածը ոչ թե անձերով է պայմանավորված, որ հիշվում է, այլ անմեղության կանխավարկածը գրված է Սահմանադրության մեջ։
Նշված ձեր բնութագրմամբ՝ իբրև ընտրակաշառքի հետ կապված, մեկ դեպք չկա հաստատված։ Ավելին, կատեգորիկ պնդում կկատարեմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ ընդհանրապես դա առնչություն չունի։
Բայց եկեք ոչ թե իմ կարծիքը հայտնեմ, այլ եկեք Սահմանադրական դատարանի կարծիքին անդրադառնանք, որի կազմի մեծամասնությունն այլևս ձեր իշխանության ժամանակ է ձևավորվել։
Երևի թե ձեզ է ասում Սահմանադրական դատարանը։ Ասում է, որ բոլոր այն ձայնագրությունները, որոնց հղում տալով դուք կարծիք եք ձևավորել, հանրությանն էլ ենթարկել եք տեղեկատվական տեռորի, չէր կարելի անել։
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դուք ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսում էիք այդ ձայնագրություններից։ Հակակոռուպցիոն կոմիտեն ամեն օր խոսում էր այդ ձայնագրությունների մասին։ Սահմանադրական դատարանն ասում է, որ դա չէր կարելի անել ընդհանրապես, որ դա ազատ քաղաքական մրցակցության խաթարում է։
Երևի չէիք կարդացել, չէ՞։
Մյուս հանգամանքը։ Սահմանադրական դատարանը, պարզվում է, ասում է, որ այդ կենսաթոշակը, որ բարձրացրել եք, լավ չեք արել։ Դա պետք է կանոնակարգվի։ Ասում է, որ դա նման է սոցիալական կաշառքի, և որ պետք է օրենսդիրը դրա վերաբերյալ լուծումներ տա։ Դրանից էլ տեղյակ չէիք։
Մյուս հանգամանքը։ Սահմանադրական դատարանն ասում է, որ դուք վարչական ռեսուրս եք չարաշահել, ատելության խոսք եք տարածել՝ ամբողջը արձանագրելով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ տեղի ունեցածը՝ ձայների գողության տեսանկյունից, արձանագրելով՝ վերջում ասում է, որ այդ ամեն ինչը ազդեցություն չի ունեցել ընտրության վերջնական արդյունքների վրա։
Դե, դա էլ հիշենք, որովհետև Սահմանադրական դատարանի կազմը, ոնց հիշում ենք, ձևավորվել է այլևս ձեր իշխանության պաշտոնավարման ժամանակ։ Ի դեպ, ակնկալել անկախության այդքան բարձր աստիճան, կարծում եմ, կլինի միամտություն։
Բայց մի բան էլ ասեմ։ Դուք շատ խոսում եք եվրոպական արժեքների մասին։ Կարո՞ղ եք, օրինակ, եվրոպական մեկ երկրի օրինակ բերել, որտեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախքան, մեղմ ասած, պատասխանատու ընտրությունների օրը, ներկայացնողը լինի կոնկրետ քաղաքական ուժի, կոնկրետ քաղաքական ուժի էլ առաջնորդի օգնականը լինի։
Ի դեպ, ես հիշում եմ՝ ութերորդ գումարման Ազգային ժողովում ես պատգամավոր եմ եղել։ Վահագն Հովակիմյանն էլ էր պատգամավոր, եթե չեմ սխալվում, այստեղ էր նստում, բայց հետո գնաց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նստեց, սկսեց հաշվարկ անել։ Ոնց որ պատկերը բոլորս տեսանք, թե այդ հաշվարկը ինչ էր։
Մյուս հանգամանքը։ Կարծես Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ հայ հասարակության կողմից կատարած ընտրության հետ պետք է հաշտվել։ Իսկ հետաքրքիր է՝ Քաղաքացիական պայմանագիրը հաշտվե՞լ է այդ հարցի հետ։
Եկեք վերցնենք «ընդունել» եզրույթը։ Այսինքն՝ դուք ընդունե՞լ եք։ Գործընկերը կարծես վկայակոչեց տոկոսային հարաբերակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստացած ձայների։
Ի դեպ, ես իրավաբան եմ մասնագիտությամբ։ Ընդունված է ասել, որ իրավաբանները թվերը և այլն այդքան էլ չեն սիրում, այնպես որ մաթեմատիկական կատեգորիկ պնդումներ չեմ անի։
Բայց եկեք միասին մի հատ ռեբուս լուծենք։ 49-ը մեծ է 50-ից։ Եթե այո, եկեք հաշտվենք, թե ընդունենք։
Հիմա ուզում եմ հասկանալ՝ ո՞նց։ Եթե 50 տոկոսից ավելին հայ հասարակությունը չի ընտրել ձեզ, դուք իշխանություն եք ձևավորել ձայների փոշիացման միջոցով։
Ավելին՝ հունիսի 7-ի գիշերը, երբ ձեր առաջնորդը հայտարարեց, որ դուք հաղթել եք ընտրություններում, տոկոսը չէր կարող ասել։ Բնական է, որ տոկոսը չէր կարող ասել կամ կարող էր ասել, եթե մի քիչ էլ սպասեր պարոն Վահագն Հովակիմյանին։
Տեսեք, գործընկերներ, ձայների փոշիացման համակարգը դա ընտրական օրենսգրքով է նախատեսված։ Եվ, ի դեպ, այստեղ դուք էլ մի հատ կոնֆլիկտի մեջ եք մտնում։ Եթե դուք շարունակում եք հանրապետականների բոլոր գործողությունները քննադատել, հաշվի առեք՝ այդ ձայների փոշիացման համակարգը, որով հիմա իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ժամանակ ընդունված ընտրական օրենսգիրքն է։
Սա էլ մյուս ռեբուսն է ձեր համար։
Հիմա, եթե նայում ենք՝ ի՞նչ է արել հայ մարդը 2026 թվականի հունիսի 7-ին, մի կողմից չի տվել ձեզ սահմանադրական մեծամասնություն։ Մյուս կողմից համոզված եղեք՝ եթե չլինեին վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքը, սոցիալական կաշառքը, ըստ Սահմանադրական դատարանի որոշման, պարզ է, չէ՞, որ պատկերը լինելու էր այլ։
Այս ամբողջի համակցությունից ելնելով՝ ասում ենք, որ կա լեգիտիմության խնդիր։
Լեգիտիմության խնդիրն էլ ինչպե՞ս է հաղթահարվում։ Ժողովրդի կողմից։ Ժողովրդի։
Ի դեպ, այս Ազգային ժողովը ոչ թե ուժեր ներկայացնելու մասին է՝ լինի Քաղաքացիական պայմանագիրը, լինի մեր թիմը կամ «Հայաստան» խմբակցությունը, ոչ թե ուժերին ներկայացնելու մասին է, այլ հայ ժողովրդին ներկայացնելու մասին է։ Հայ ժողովրդին։
Այն, որ այս ամբիոնը պետք է ծառայի հայ մարդու շահերի սպասարկմանը, պաշտպանությանը, հենց դրա համար էլ ասում ենք նաև մեր կողմից ներկայացված ծրագրերի իրականացմանը և հետևողականորեն Հայաստանում լեգիտիմության դեֆիցիտի հաղթահարմանը։
Դրա համար ենք այդ պնդումը կատարում։
Իսկ մեր սիրելի հայրենակիցներին մի քանի հանգամանք նշեմ։
Ժողովուրդ ջան, ձեր տրամադրությունը տեղը, ձեր վճռականությունը թող լինի տեղը, և համոզմունքն առ այն, որ մենք ուժեղ Հայաստան ունենալու ենք։ Մեկ վայրկյան չկասկածեք։
Աստված պահապան»։
Մանրամասն՝ տեսանյութում։