կարևոր
703 դիտում, 2 ժամ առաջ - 2026-07-21 18:06
Հասարակություն

Պատգամավորի կարգավիճակ ստացած անձը չի կարող լինել անազատության մեջ. Վարդևանյան

Պատգամավորի կարգավիճակ ստացած անձը չի կարող լինել անազատության մեջ. Վարդևանյան

«Պատգամավորի կարգավիճակը տրվում է  վկայականով և համապատասխան արձանագրությամբ։ Այսօր ստացել ենք վկայական, գրված է Ազգային ժողովի պատգամավոր»,- լրագրողներին ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ արձագանքելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի այն հայտարարությանը, որ ԿԸՀ կողմից մանդատները տրամադրելու մասին արձանագրությունը կազմելու պահից՝ այսինքն այսօրվանից, մինչև օգոստոսի 2-ը ժամը 10.00-ն, արձանագրությունում ընդգրկված ընտրված պատգամավորն ունի ընտրված, բայց լիազորությունները չստանձնած պատգամավորի կարգավիճակ»։

Վարդևանյանը նշեց, որ արձանագրությունը կազմելու պահից պատգամավորի կարգավիճակը հստակ է, հետևաբար ինչպե՞ս կարող է ԿԸՀ-ն անձի անձնական ազատությանը վերաբերյալ հարց քննի։ Նա ասաց, որ ԱԺ պատգամավորներն օժտված են լրացուցիչ անձեռնմխելիությամբ, որի հաղթահարման ճանապարհն Ազգային ժողովն է։

«Սահմանադրական դատարանի որոշման մեջ պարզ գրված է՝ եթե անձը ձեռք է բերել ԱԺ պատգամավորի կարգավիճակ, չի կարող լինել անազատության մեջ բացառությամբ Ազգային ժողովի կողմից համապատասխան որոշման»,- ասաց նա։ 

Հիշեցենենք՝ Դատախազությունից ԿԸՀ-ն ստացել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ  Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն։  

ԿԸՀ նախագահն ասել է, որ մինչև օգոստոսի 2-ը, եթե արձանագրությունում ընդգրկված պատգամավորներից որևէ մեկի հետ կապված քրեական հետապնդում հարուցելու խնդիր առաջանա,  դատախազությունը պետք է դիմի ԿԸՀ։