|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած վերջին օրերին իշխանությանը հաջողվեց ստանալ այն քաղաքական և տեղեկատվական տեսարանները, որոնց երկար ժամանակ ձգտում էր՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված խուզարկությունը, նրա գետնին տապալելու կադրերը, առանձնատնից առյուծների, վագրի և հարյուրավոր խրտվիլակների առգրավումը, Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, շարունակում է խիստ դժգոհ մնալ իրավապահ համակարգի աշխատանքից։
«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին շրջանի կուլիսային քննարկումների ընթացքում իրավապահ համակարգի գործունեությունը եղել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Փաշինյանի գնահատմամբ՝ բարձր աղմուկ հանած գործողությունները չեն փոխարինում այն արդյունքներին, որոնք ինքը ակնկալում է նախաքննական և դատավարական գործընթացներից։
Վարչապետը համարում է, որ իրավապահ համակարգը շարունակում է աշխատել դանդաղ, չի արդարացնում սպասելիքները, էլիտան շարունակում է ունենալ առավելություններ իրավապահ համակարգում, իսկ առանձին քրեական վարույթներով նախաքննության և դատական փուլերի միջև առկա ժամանակային ձգձգումները չեն համապատասխանում իր պատկերացումներին։
Կառավարական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս դժգոհությունների ֆոնին իշխանության ներսում արդեն քննարկվում են նոր կադրային փոփոխություններ։
Մասնավորապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակետում են հայտնվել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ինչպես նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշված պաշտոնյաներից ոմանց դեպքում քննարկվում է պաշտոնական տեղափոխության տարբերակը, իսկ մյուսների քաղաքական ապագայի վերաբերյալ իշխանության ներսում շրջանառվում է մեկ այլ սցենար՝ իշխանական բառապաշարով ասած՝ Ալեն Սիմոնյանի մոտ՝ «քաղաքական կապիտալ»-ում։
Իշխանության ներսում, մեր աղբյուրների պնդմամբ, վարչապետը բազմիցս նշել է, որ իրավապահ մարմինները պետք է կարողանան ապահովել ոչ միայն բարձր հանրային արձագանք ստացող գործողություններ, այլև արագ, արդյունավետ և կանխատեսելի նախաքննական ու դատավարական ընթացք։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության նոր կազմի ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանը մտադիր է անցնել նաև դատական իշխանության հերթական վերաձևավորմանը։ Առաջիկա փուլում դատական համակարգում սպասվում են նշանակալի փոփոխություններ․ գլխիվայր պետք է շուռ տալ համակարգը՝ ընդհուպ դատավորներին կալանավորելով, նրանց լիազորությունները կասեցնելով և դադարեցնելով»։