Միասին կարող ենք
կարևոր
841 դիտում, 2 ժամ առաջ - 2026-07-01 11:54
Աշխարհ

Ռուբիոն մտադիր է զիջել ԱՄՆ նախագահի թեկնածուի տեղը Վենսին՝ նրա առաջադրման դեպքում

Ռուբիոն մտադիր է զիջել ԱՄՆ նախագահի թեկնածուի տեղը Վենսին՝ նրա առաջադրման դեպքում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի նախատեսում 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու իր մտադրությունը հայտնի ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս մասին Associated Press (AP) գործակալությունը հայտնել է՝ վկայակոչելով պետքարտուղարի շրջապատի աղբյուրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ գործակալության տվյալների՝ Ռուբիոն խորհրդականների և օգնականների հետ զրույցներում բազմիցս հայտարարել է Վենսին տեղի տալու իր մտադրության մասին։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է AP-ն, Ռուբիոն, համատեղելով պետքարտուղարի և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնները, վերջին ամիսներին զգալիորեն ամրապնդել է իր ապարատային դիրքերը՝ իր համախոհներին նշանակելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի առանցքային պաշտոններում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fortune ամսագրին տված հարցազրույցում չի պատասխանել իր հնարավոր իրավահաջորդի մասին հարցին, ով 2028 թվականի ընտրություններում հաղթելու դեպքում պետք է շարունակի «Ամերիկան առաջին հերթին» քաղաքականությունը։ Ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս գրել են Ռուբիոյի և Վենսի մասին՝ որպես հանրապետական հիմնական թեկնածուների, ովքեր երկու տարի անց կկարողանան հավակնել ԱՄՆ նախագահի պաշտոնին։