|
Փոխարժեքներ
27 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստում, որտեղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կառավարության տարեկան հաշվետվությունը և պատասխանել պատգամավորների հարցերին, նա նոր հայտարարություն է արել իշխանությունների նախկինում հնչեցրած այն պնդումների վերաբերյալ, թե փորձեր են եղել Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։
Պատասխանելով այսպես կոչված «խորքային պետության» («Deep State») վերաբերյալ հարցին, ինչպես նաև թե ով է դիմել վրացական իշխանություններին՝ երկիրը պատերազմի մեջ ներգրավելու պահանջով, Կոբախիձեն հայտարարել է, որ նման պահանջով հեռախոսազանգ չի եղել։
Նրա խոսքով՝ այն հեռախոսազանգը, որի մասին իշխանությունները նախկինում խոսել էին, վերաբերում էր այն ժամանակահատվածին, երբ նախատեսվում էր Գեորգի Գախարիայի ազատումը ներքին գործերի նախարարի պաշտոնից։
«Պատերազմի մեջ մտնելու պահանջով ոչ ոք չի զանգահարել։ Հեռախոսազանգը վերաբերում էր այն ժամանակաշրջանին, երբ նախատեսվում էր Գախարիայի ազատումը ներքին գործերի նախարարի պաշտոնից։ Ինչ վերաբերում է պատերազմին, ապա համապատասխան պահանջը ներկայացվել է Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում։ Այդպիսի երկու հանդիպում է եղել, որոնցից մեկին ես անձամբ մասնակցել եմ», — հայտարարել է Կոբախիձեն։
Վրաստանի հնարավոր ներգրավման թեման ակտիվորեն քննարկվում է երկրի իշխանությունների կողմից 2022 թվականից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո։ Այդ տարվա գարնանը Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ Վրաստանում և Մոլդովայում «երկրորդ ճակատի» բացումը կօգնի Ուկրաինային։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը նշել էր, որ Վրաստանն ունի «պատմական հնարավորություն» վերադարձնելու Աբխազիան և Ցխինվալիի շրջանը (Հարավային Օսիա)։
Այս հայտարարություններից հետո «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Թբիլիսիի նկատմամբ ճնշում է գործադրվել՝ Ռուսաստանին դեմ «երկրորդ ճակատ» բացելու նպատակով։ Հետագայում իշխանությունների հռետորաբանության մեջ հայտնվել են նաև «Համաշխարհային պատերազմի կուսակցություն» («Global War Party») և «Deep State» հասկացությունները, որոնք, իշխանությունների պնդմամբ, կանգնած են եղել նման փորձերի հետևում։
Կոբախիձեի վերջին հայտարարությունը այս դիրքորոշման նոր պարզաբանումն է։
Աղբյուրը՝ vectornews.ge-ի