Միասին կարող ենք
կարևոր
319 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-26 23:09
Քաղաքական

ՌԴ-ն կարող է չեղարկել ՀՀ-ի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման համաձայնագիրը

ՌԴ-ն կարող է չեղարկել ՀՀ-ի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման համաձայնագիրը

Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին. Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նամակ է ուղարկել ՀՀ։

«Կոմերսանտ» գրում է, որ այն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նախարար Սերգեյ Ցիվիլևի անունից։ Այնտեղ նշվում է, որ Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։

«Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու հայտարարված ձգտումը սպառնում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանմանը և զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային համաձայնագրերն են»,-նշվում է նամակում։

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը և ՀՀ ՏԿԵ նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություն տալ «Կոմերսանտին»։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նույնպես չի արձագանքել հրատարակության հարցմանը։

2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:

Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի հետագա շարժը դեպի ԵՄ վտանգի տակ է դնում երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմքերը։