Միասին կարող ենք
կարևոր
493 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-25 21:37
Քաղաքական

«Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին համատեղ նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը

«Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին համատեղ նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը

«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը դիմում է ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ համատեղ ջանքերով նպաստելու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

Մենք վստահ ենք, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ձևավորվում է ոչ միայն քվեարկության օրը, այլև ամբողջ նախընտրական գործընթացի ընթացքում՝ բոլոր մասնակիցների
պատասխանատու վարքագծի շնորհիվ։ Եթե ձեր թիմի ներկայացուցիչները, համակիրները կամ քաղաքացիները նկատում են հնարավոր ընտրախախտումներ կամ ընտրական գործընթացին առնչվող այլ խնդիրներ, կոչ ենք անում դրանք արձանագրել և ներկայացնել «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությանը։

Դրա համար ստեղծվել է ընտրախախտումների գրանցման թվային հարթակը՝ youthvote.live։ Հարթակը հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի րոպեում ներկայացնել խախտման մասին տեղեկություն, կցել լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ ապացույցներ, որոնք կօգնեն փաստերի ստուգման և արձագանքման գործընթացին։ Մեր նպատակը որևէ քաղաքական ուժի պաշտպանությունը կամ քննադատությունը չէ։

Մեր նպատակը փաստերի արձանագրումն է, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը և յուրաքանչյուր մասնակցի ձայնի պաշտպանությանն աջակցելը։
Արդար ընտրությունները բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն են։ ԵԱԴ «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, թեկնածուների, ԶԼՄ-ների և քաղաքացիների հետ՝ հանուն արդար և վստահելի ընտրական գործընթացի։