Միասին կարող ենք
կարևոր
1132 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 15:02
Քաղաքական

306 միլիոն դրամ՝ դատախազության վարչական շենքերի անվտանգության համար. ո՞ր հայտնի կապալառուի հետ է կնքվել պայմանագիրը

306 միլիոն դրամ՝ դատախազության վարչական շենքերի անվտանգության համար. ո՞ր հայտնի կապալառուի հետ է կնքվել պայմանագիրը

ՀՀ դատախազությունը պայմանագիր է կնքել «Սուր և Նիզակ» ՍՊ ընկերության հետ անվտանգության ապահովման ծառայությունների ձեռք բերման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։

Ընկերությանը տրամադրվել է 306 միլիոն դրամ, իսկ պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ պահպանման օբյեկտներ են հանդիսանում ՀՀ դատախազության վարչական շենքերը, իսկ պահպանությունն իր մեջ ներառում է շենքերի, շինությունների, կառույցների, դրանց բակային և հարակից տարածքների հսկողության, պահպանության և անվտանգության ապահովումը։ Վարչական շենքերը պահպանողները պարտավոր են շուրջօրյա ծառայության միջոցով կանխարգելեն, կանխեն և կասեցնեն պահպանվող օբյեկտում իրավախախտումները, հնարավոր հակաիրավական ոտնձգությունները և այլ համանման երևույթներ, ապահովեն պահպանվող տարածքում գտնվող անձանց պատշաճ վարքագիծը, կանխեն նյութական արժեքների չարտոնված տեղաշարժը և իրականացնեն պահպանության ենթակա օբյեկտի, գույքի ու նյութական արժեքների, քրեական վարույթների, նյութերի, իրեղեն ապացույցների պահպանությունը,  անմիջապես արձագանքեն արտակարգ իրավիճակների դեպքում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնեն ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն։

Ինչ վերաբերում է ՍՊ ընկերությանը, ապա նշենք, որ այն Վիկտորյա Մելիք-Սարգսյանի ընկերությունն է, որը հանդիսանում է Արմավիրի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Արսեն Կոստանդյանի կինը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրը։

Ի դեպ, «Հետք»-ի փոխանցմամբ՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանն ունի նաև այլ ընկերություններ՝ «Անգա գրուպ» և «Մանակ» ՍՊ ընկերությունները։

Դատավորի դստեր ընկերություններից մեկը 2020 թվականից սկսած միլիոնավոր դրամներով հանդերձանք է մատակարարել  ուժային ու իրավական տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ին, ՊԵԿ-ին, ԱԻՆ-ին, ԱԱԾ-ին։