Միասին կարող ենք
կարևոր
1168 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-08 12:29
Հասարակություն

Կալանավորվածից՝ լիցենզավորված․ «Աշտարակ» ԲԿ-ի նախկին տնօրենի սկանդալային լիցենզիայի հետքերով

Կալանավորվածից՝ լիցենզավորված․ «Աշտարակ» ԲԿ-ի նախկին տնօրենի սկանդալային լիցենզիայի հետքերով

2024 թ. քրեական գործով անցած ու կալանավորված «Աշտարակ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանն օրեր առաջ  առողջապահության նախարարությունից ստացել է անցումային անհատական լիցենզիա։

Հիշեցնենք, որ Արգիշտի Հովհաննիսյանը կալանավորվել էր մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, և «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն էր նշանակվել 2018 թվականին։

Ի՞նչ չափանիշով է առաջնորդվել գերատեսչությունը՝ աղմկահարույց քրգործով անցած ԲԿ-ի նախկին տնօրենին լիցենզիա տրամադրելիս, իշխանական շրջանակներից ամենայն հավանականությամբ կհնչի հետևյալ  հիմնավորումը․ «Քանի որ չկա ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, անձն ունի իր մասնագիտական գործունեությունը շարունակելու իրավունք»։

Իրավական տեսանկյունից միգուցե սա վիճելի չէ, բայց արդյո՞ք հանրային վստահության տեսանկյունից արդարացված է, հատկապես,  երբ խոսքը կարևորագույն ոլորտի՝ առողջապահության մասին է։ Իսկ բժիշկը կամ բուժհաստատության ղեկավարը պարզապես մասնագետ չէ, նա պատասխանատու է մարդկանց կյանքի, առողջության և երբեմն՝ ճակատագրի համար։ Ի վերջո, առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ վստահությունն ու մասնագետ-ղեկավարի անբասիր կնեսագրությունը ոչ պակաս կարևոր է, քան մասնագիտական հմտությունները։  Չէ՞ որ հիվանդը բժշկին կամ բուժհաստատություն է դիմում  նաև վստահության հիմքով։

Արգիշտի Հովհաննիսյանի դեպքում սա միակ խնդիրը չէ․ պարզվում է՝ նրա ղեկավարման շրջանում Աշտարակի ԲԿ-ի բուժանձնակազմը պարբերաբար խնդիրների է բախվել։ Աշխատակիցները նույնիսկ ահազանգել են, որ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանն իրենց կամքին հակառակ ստիպել է հավելյալ աշխատանք կատարել, և իրենց խախտված իրավունքների մասով նույնիսկ դիմել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, որից հետո Արգիշտի Հովհաննիսյանին վարչական տույժի են ենթարկել։

Ստացվում է, որ առողջապահության նախարարությունը լիցենզիա է տրամադրել մեկին, ով ունեցել է քրեական անցյալ, կոպտորեն ոտնահարել է բուժանձնակազմի աշխատանքային իրավունքները և խախտել «Աշխատանքային օրենսգրքի» պահանջները։

Ի դեպ, ինչու՞ «Աշտարակ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը նախկինում չի անցել կլինիկական օրդինատուրա, չի ունեցել նեղ մասնագետի որակավորում և այժմ է միայն անցնում կլինիկական օրդինատուրա՝ վերցնելով  անցումային անհատական լիցենզիա, թող դատի ընթերցողը։

 

Հ․ Զ․