|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Փաստ» թերթը գրում է.
«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ակտիվանում են համախմբման անհրաժեշտության մասին քննարկումները։ Մասնագետները միանշանակ գնահատում են՝ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի միայնակ կամ մասնատված մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների փոշիացման, ինչը, ի վերջո, աշխատում է գործող իշխանության օգտին՝ ամրապնդելով նրա դիրքերը։
Այս ընտրություններում առանցքային նշանակություն ունի ընտրողների բարձր մասնակցությունը։ Մասնագետների համոզմամբ՝ հենց մասնակցության բարձր մակարդակն է այն գործոնը, որը կարող է խոչընդոտել գործող իշխանության վերարտադրմանը։ Նշվում է, որ ընդդիմության գլխավոր խնդիրը ոչ միայն ընտրություններին մասնակցելն է, այլև ընտրողներին մոբիլիզացնելը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել իրական մրցակցություն և նվազեցնել իշխանության վերարտադրման հավանականությունը։
Միևնույն ժամանակ, փոքր կուսակցությունների առանձին մասնակցությունը ստեղծված իրավիճակում կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Փորձագետների գնահատմամբ, դա փաստացի կարող է ծառայել գործող իշխանության շահերին՝ մեծացնելով մասնատվածությունը և նպաստելով ձայների բաշխման ոչ արդյունավետ կառուցվածքին։
Այսպիսով, ավելի ու ավելի հնչող է դառնում այն թեզը, որ ընդդիմության համախմբումը հիմնական ուժերի շուրջ կարող է դառնալ քաղաքական հավասարակշռությունը փոխելու գլխավոր գործոնը։ Դրա բացակայությունը, հակառակը, կարող է հանգեցնել գործող կառավարության դիրքերի պահպանմանը։ Փորձագետները հիշեցնում են նախորդ ընտրությունների փորձը, երբ բազմաթիվ ուժեր ստացան նվազագույն տոկոսներ, որոնք, ըստ էության, չվերածվեցին քաղաքական ազդեցության և գործնականում աշխատեցին իշխող ուժի օգտին։ Նույն սցենարի կրկնությունը, նրանց համոզմամբ, շարունակում է մնալ ամենամեծ վտանգներից մեկը՝ պայմանավորված գործող ընտրական համակարգի տրամաբանությամբ։
Այսուամենայնիվ, եթե նույնիսկ չհաջողվի ընդդիմությանը հանդես գալ առավելագույն միասնականությամբ, այսինքն՝ 3-4 հիմնական բևեռով, միևնույնն է, առնվազն մի քանի հարցում անհրաժեշտ է գալ կոնսենսուսի: Առաջինը և հիմնականը ներկա փուլում շատ շոշափելի նկատվող՝ միմյանց դեմ կռիվ տալու երևույթը բացառելն է, թիկունքից չվնասելը: Հակառակ ցանկացած քայլ դարձյալ ուղղված կլինի ներկա իշխանությունների վերարտադրմանը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում