Միասին կարող ենք
կարևոր
586 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 13:54
Աշխարհ

Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա

Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա

Իրանական անօդաչու թռչող սարքերը ապրիլի 3-ի առավոտյան գրոհել են Քուվեյթի «Մինա ալ Ահմադի» նավթավերամշակման գործարանի և արտահանման կենտրոնի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդել է Քուվեյթի KUNA պետական գործակալությունը։

Քուվեյթի նավթագազային ընկերության (Kuwait Petroleum Corporation) գործարանը գտնվում է երկրի մայրաքաղաք Էլ Քուվեյթից 45 կիլոմետր դեպի հարավ։ Անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո այնտեղ հրդեհներ են բռնկվել։

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ներկայում հետ են մղում Իրանի կողմից արձակված հարվածային անօդաչուների և բալիստիկ հրթիռների հարձակումները։

Սա Իրանի կողմից «Մինա ալ Ահմադի» նավթավերամշակման գործարանին հասցված առաջին հարվածը չէ։ Մարտի 20-ին գործարանը ենթարկվել է իրանական անօդաչուների մի քանի գրոհի, ինչի հետևանքով դրա մի քանի կայանքներում հրդեհներ են առաջացրել։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին և էներգետիկ օբյեկտներին։