Միասին կարող ենք
կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 09:14
Հասարակություն

Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»

Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրելով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդ անելու համար բյուջետային միջոցներից 25.5 հազար դոլար գումար է հատկացրել։

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 600 հազար դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ծառայությունների շրջանակը բավական լայն է․ այն ներառում է Facebook, Instagram և TikTok հարթակներում գովազդների կառավարում և իրականացում։ Ըստ պայմանագրի՝ սահմանվել են նաև հստակ չափորոշիչներ․ ամեն ամիս գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում (impression), 1 միլիոն 200 հազար հասանելիություն (reach), իսկ TikTok-ում՝ առնվազն 750 հազար դիտում։ Այսինքն՝ Հայաստանի և Երևանի հպարտ հարկատուն և վարձատուն վճարում է Տիգրան Ավինյանի համար հավաքվող սրտիկների և քլիկների համար։

Սա տարակուսելի է այն իմաստով, որ քաղաքացիները շարունակում են բախվել Երևանի առօրյա խնդիրներին՝ փոսերով լի ճանապարհներ, վնասվող, կոտրվող ավտոմեքենաներ և չլուծվող ենթակառուցվածքային հարցեր։ Սակայն Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանը առաջնահերթությունը տալիս է գովազդին։ Խնդրի լուծման փոխարեն քաղաքապետը տեղեկատվական դաշտում սեփական գործունեության գովազդն է անում՝ բյուջետային գրեթե 10 միլիոն դրամներ դուրս գրելով։

Պետք է ասել, որ ամեն դեպքում Ավինյանի հեղինակության վրա ծախսված միլիոնները ազդեցություն չեն ունենում, քանի որ ԽԱՊԿի հրապարակած տարեկան զեկույցով լրագրողների հետ անվայելուչ պահվածք դրսևորող պաշտոնյաներից մեկը Տիգրան Ավինյանն է։ Ինչպես նաև Ավինյանը ՔՊ-ական այն պաշտոնյաներից է, որի անունը կոռուպցիոն ամենատարբեր պատմություններում է շոշափվում։

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ պետական բյուջեից ԱՆԻՖ հիմնադրամին տրամադրվել է մոտ 25 միլիարդ դրամ (մոտ 70 մլն դոլար), սակայն իրականացված ծրագրերից շատերը չեն հասել իրենց նպատակներին կամ ընդհանրապես չեն իրականացվել, իսկ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը հենց Ավինյանն է եղել 2019-2023 թթ․։ Հիմա այդ հիմնադրամը լուծարված է, բայց պատիժներ չկան։

Հիշեցնենք նաև Ավինյանի ծնողների թանկարժեք առանձնատների փաստը, տարբեր բիզնեսներում Տիգրան Ավինյանի ներգրավված լինելու մասին տեղեկությունները, որոնց մասին՝ հաջորդիվ»։