Միասին կարող ենք
կարևոր
361 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 18:09
Հասարակություն

Կուսակցությունների անցողիկ շեմն իջեցվել է, դաշինքներինը՝ բարձրացել. ԿԸՀ նախագահը՝ ԸՕ-ի փոփոխությունների մասին

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 7-ից։   

Ըստ փոփոխությունների՝ խորհրդարան կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4 տոկոսի, իսկ դաշինքների շեմը բարձրացել է 8 տոկոս և 10 տոկոս։ 

«Մինչև 3 կուսակցություն դաշինքի կազմում ընդգրկվելու դեպքում անցողիկ շեմը 8 տոկոս է, իսկ 3 և ավելի կուսակցությունների դեպքում դաշինքը պետք է հաղթահարի 10 տոկոսի շեմը»։ 

Միաժամանակ փոփոխվել է գրավի չափը, կուսակցությունների դեպքում գրավի չափը 10 մլն-ից իջեցվել է 7.5 մլն-ի, իսկ դաշինքների պարագայում՝ սահմանվել է 15 մլն։

«Սա արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը և գաղափարակից ուժերը հակված լինեն միավորվելու և կուսակցությունները խոշորանան։ Երբ մեզ անհրաժեշտը եղավ ՀՀ-ում գրանցված կուսակցությունների կոնտակտային տվյալներ, էլեկտրոնային փոստ, որպեսզի հնարավորություն ունենաք նրանց նամակներ հղելու՝ ԿԿՀ-ն մեզ 126 կուսակցության տվյալ տրամադրվեց, սակայն ամենայն հավանականությամբ՝ գրանցված կուսակցությունների ցանկը ավելի շատ է։ Այս թիվը 2.5 մլն ընտրող ունեցող երկրի պարագայում կարծում եմ մեծ է։ Եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի ստեղծվեն խոշոր քաղաքական ուժեր, սա շատ կարևոր արդյունք կլինի և կնպաստի ժողովրդավարության զարգացմանը,  ընտրությունների որակի շարունակական բարձրացմանը»,-ասաց ԿԸՀ նախագահը։