|
Փոխարժեքներ
24 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.97 |
| EUR | ⚊ | € 444.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9091 |
| GBP | ⚊ | £ 509.1 |
| GEL | ⚊ | ₾ 140.91 |
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Հետաքննությունն իրականացնում են Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտը (IBAHRI)` համագործակցությամբ Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի և Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի։
Բազմակուսակցական հանձնախումբը նախագահում է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան, անդամակցում են նաև բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։ Աշխատանքներին աջակցում է IBAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։
Քննությունը ընթանալու է հինգ փուլով՝ քննարկելով․
1. Մշակութային ոչնչացման վերաբերյալ ապացույցների և առկա իրավական արձագանքների քարտեզագրում։
2. Դիմումների ընդունման գործընթացի մեկնարկ։
3. Հանրային լսումներ՝ փորձագետների և վկաների մասնակցությամբ։
4. Վերջնական զեկույցի հրապարակում։
5. Շարունակական քննարկում Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային հաստատությունների հետ։
Խորհրդարանական հետաքննության աշխատանքներին կարելի է հետևել սույն հղմամբ։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
24 փետրվար 2026թ.