կարևոր
562 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-23 10:54
Աշխարհ

Օմանի ԱԳ նախարարը հաստատել է Իրան-ԱՄՆ բանակցությունների անցկացման օրը

Օմանի ԱԳ նախարարը հաստատել է Իրան-ԱՄՆ բանակցությունների անցկացման օրը

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։ Այս մասին ալ-Բուսայիդին նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։

«Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են Ժնևում այս հինգշաբթի՝ դրական ազդակով գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու համար»,- նշել է նա գրառման մեջ։

Փետրվարի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հնարավոր է փետրվարի 26-ին Ժնևում բանակցություններ անցկացնի ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ։

ԱՄՆ-ն և Իրանն այս տարի արդեն անցկացրել են բանակցությունների երկու փուլ։

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-ին: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասնելու մասին, դրանք կարող են ներառվել ապագա միջուկային համաձայնագրի նախագծում: Վաշինգտոնը հայտարարել է, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան կողմից ուրվագծված մի շարք դիրքորոշումներ: