կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-18 21:55
Տնտեսական

Լավ առաջարկ ունենք. Նարեկ Կարապետյանը՝ ձմռանը էժան գյուղմթերք ունենալու մասին

Լավ առաջարկ ունենք. Նարեկ Կարապետյանը՝ ձմռանը էժան գյուղմթերք ունենալու մասին

«Դուք նկատել եք, որ ձմռանը մթերքը, հիմնականում՝ գյուղատնտեսական, գնելուց ավելի շատ գումար եք տալիս, քան ամռանը։ Դա նրանից է, որ Հայաստանու հիմնականում բերքն աճում է ամռանը և մենք չունենք զարգացած ջերմոցային տնտեսություններ, որպեսզի ձմռանը Հայաստանին ապահովի էժան գյուղատնտեսական ապրանքներով»,-Ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նշելով, որ մթերքների էժանության ապահովումը կարևոր է երկրի աղքատությունը հաղթահարելու համար՝ Կարապետյանն ասաց, որ այդ հարցում մեզ կօգնի Նոյեմբերյանի խոշորացված համայնքը, որը Մեղրիից հետո ամենափափուկ կլիմայական պայմաններն ունի և այնպիսի բույսեր են աճում, ինչպիսիք են՝ զեյթունը, կիվին և այլ ջերմասեր բույսեր։

«Նոյեմբերյանը Հայաստանի համար դառնալու է սպեցիֆիկ գյուղատնտեսական ապրանքների աճեցման գոտի՝ ունենալով մի հետաքրքիր առանձնահատկություն, այնտեղով է անցնում Վրաստան-Հայաստան գազատարը»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ ջերմոցների արտադրանքի գինը մեծապես կախված է գազի գնից և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լավ առաջարկ ունի, ըստ որի Նոյեմբերյանի շրջանաը կլինի այն տարածքը որը Հայաստանի համար կլուծի ձմռանը էժան գյուղմթերքի հարցը։

«Կստեղծենք ջերմոցների համար նախատեսված հատուկ տնտեսական գոտի, մարդիկ ջերմոցներ կհիմնեն նոյեմբերյանում, որը կստանա գազ, բայց սահմանային գնով։ Քանի որ գազաը Հայաստան է ներմուծվում 165 դոլարով և մինչև հասնում է մյուս շրջաններ, թանկանում է, քանի որ կան ծախսեր»,- ասաց Կարապետյանը՝ նշելով որ պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ այնտեղ գազի գինը լինի սահմանայինից մի քիչ ավելի թանկ և հայկական ջերմոցները կունենան ավելի էժան գազի գին քան թուրքական ջերմոցները, ինչի արդյունքում հնարավորություն կունենանք մրցակցել թուրքական ջերմոցների հետ, առավել ևս, որ ջերմոցային գյուղմթերքի ինքնարժեքի 70 %-ը գազի գինն է»,-ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը։

Նա հայտնեց, որ եթե սահմանին ջերմոցներին տրվի էժան գազ, ապա մոտ 15 %-ով կէժանանա գյուղմթերքի գինը, առավել ևս, որ տաք Նոյեմբերյանում կարիք չկա ջերմոցներն այնպես տաքացնել, ինչպես ավելի ցուրտ կլիմա ունեցող շրջաններում։

Կարապետյանը նշեց, որ դրանով ոչ միայն կլուծվի պարենային անվտանգության հարցը, այլև տեղի գործազրկության խնդիրները։

«Որպեսզի 30 հազար բնակիչ ունեցող այս շրջանում մենք խնդիր չունենանք, որ մարդիկ լքում են Հայաստանը, գնում ուրիշ տեղ են աշխատում, այլ մնան այստեղ, զբաղվեն այսպիսի հետաքրքիր գործունեությամբ և  ապահովեն իրենց ընտանիքի լավ ապագան»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում: