|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ բարձրացնելով Գյումրու մաքսային հսկողության գոտում տեղի ունեցած հնարավոր խոշոր չարաշահումների հարցը։
Հարցման մեջ «Ժողովուրդ»-ը նշել էր, որ 2022–2024 թվականների ընթացքում ՀՀ ներմուծված յուրաքանչյուր բեռնարկղում կամ ֆուռում առկա է եղել 3 և ավելի ավտոմեքենա, իսկ բեռնաթափման ժամանակ յուրաքանչյուր բեռնարկղից դուրս է բերվել նաև փայտանյութ։
Ըստ մեզ հասած տվյալների՝
• նշված ժամանակահատվածում Գյումրու մաքսային հսկողության գոտուց դուրս է բերվել շուրջ 4000 խորանարդ մետր փայտանյութ,
• որի արժեքը կազմել է մոտ 280.000.000 ՀՀ դրամ։
«Ժողովուրդ»-ը հարցմամբ հետաքրքրվել էր՝
👉 արդյոք հիշյալ փաստով որևէ կառույցից հաղորդում ներկայացվել է,
👉 կա՞ արդյոք քրեական վարույթ,
👉 և ի՞նչ փուլում է այն գտնվում։
📄 Պաշտոնական պատասխանն արդեն իսկ ստացել ենք։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ նշված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մասնավորապես, պատասխան գրության մեջ նշվում է․
«Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով 2025 թվականի մարտի 14-ին նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Նշված հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական լիազորություններն անցնելուն, ինչը ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում կարող է հանգեցնել լուրջ քրեական պատասխանատվության։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հարցման մեջ շեշտադրվել էր՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները անցնելու միջոցով ՀՀ ՊԵԿ տնօրինման տակ գտնվող գույքը դուրս է բերվել մաքսային հսկողության գոտուց, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Թե կոնկրետ որ պաշտոնատար անձանց գործողություններն են քննության առարկա, թե արդյոք կան կասկածյալներ կամ մեղադրյալներ, դատախազությունն այս փուլում չի մանրամասնում։ Նկատենք, որ այս գործը անցած տարվա մարտից քննում են, քննում են, ու մեղադրյալների շրջանակը չի հստակեցվում։ Հետաքրքիր է, թե ում են փորձում փրկել իրավապահները։
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևել գործի ընթացքին և առաջիկայում կներկայացնի նոր տեղեկություններ՝ միայն փաստերի և պաշտոնական աղբյուրների հիման վրա»։