կարևոր
829 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-16 20:51
Հասարակություն

Պատվված այդ արքեպիսկոպոսը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ. Հայր Ասողիկ

Պատվված այդ արքեպիսկոպոսը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ. Հայր Ասողիկ

Անկեղծ ցավով ընթերցեցի մեր Սուրբ Եկեղեցու պատվված արքեպիսկոպոսներից մեկի՝ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի «Հրամայական»-ը:

Պատվված այդ արքեպիսկոպոսը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ:

Ճեմարանական տարիներից ինձ համար, վստահաբար նաև շատ ճեմարանականների համար, Հովնան սրբազանը եղել է տիպար՝ Սբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետներին նվիրումի ու հավատարմության:

Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ նվիրակի առաքելությամբ, միաբանակից եղբորս հետ, գտնվում էի ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում՝ վայելելով հյուրընկալությունը Հովնան սրբազանի և Թեմի քահանայից դասի և հավատացելոց… Եվ, սակայն, թե՛ այնտեղ, թե՛ նաև երբևէ Մայր Աթոռում նրանից չի լսվել ոչ մեկ խեթ բառ կամ տրտունջք՝ Հայոց Հայրապետից կամ Մայր Աթոռից… Ավելին, հրապարակային կերպով Հովնան սրբազանը միշտ գովասանքով, գնահատանքով ու երախտագիտությամբ է արտահայտվել Հայոց Հայրապետի և Նրա ծավալած եկեղեցաշեն, ազգակերտ ու հայրենանվեր գործունեության մասին: Եվ հիմա ինչո՞ւ կամ ինչպե՞ս այս նվիրյալ ու հավատարիմ, խոհեմ ու խորագետ արքեպիսկոպոսը դարձավ կեղծ ու զրպարտիչ…

Ափսոս այն աղն ու հացը, այն անկեղծ համարումը, այն ակնածանքը, որ երբևէ կիսել եմ և դեռ Ճեմարանից ունեցել ու տածել եմ դեպի այս արքեպիսկոպոսը:

Հովնան սրբազան, դուք այլևս չկա՛ք իմ Դիմագրքի ընկերների մեջ, դուք այլևս գայթակղության քար եք բոլորիս համար, դուք այլևս Սուրբ Էջմիածնին՝ Հայոց ազգի և Հայաստանի անկյունաքարին անարգանք հասցնող ինքնապարսավ պարտազանց եք:

Դուք շատ լավ գիտեք Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացարձակ ու անթաքույց ճշմարտությունն ու արդարությունը, սակայն գիտենալով՝ նենգաբար անգիտացաք և դարձաք հայհոյող Սուրբ Հոգու:

Արդար և Մեծ է մեր Տեր Աստված. արժանին կհատուցի ձեզ և ձեր կամակիցներին ու գործակիցներին:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի