կարևոր
736 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-24 13:48
Տնտեսական

ՌԴ-ն ու ՀՀ-ն քննարկում են նաև Ադրբեջանի տարածքով պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ

ՌԴ-ն ու ՀՀ-ն քննարկում են նաև Ադրբեջանի տարածքով պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ

Բացի Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը, ինչպես նաև ուսումնասիրվում է հակադարձ բեռնափոխադրումների հնարավորությունը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, մենք այն համարում ենք իսկապես նշանակալից, երբ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը անցավ Ադրբեջանի և Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում և Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյությունից ի վեր առաջին անգամ անցավ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը… Այնուհետև անցավ ղազախական հացահատիկը։ Մենք նաև քննարկում ենք այս գիծը այլ տեսակի բեռներով՝ պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը», - ասել է Օվերչուկը

Նա նաև նշել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերք տեղափոխող գնացք։ Մոսկվան և Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը։

«Մենք նաև խոսում ենք Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի միջով հակադարձ բեռնափոխադրումների ապահովման մասին։ Սրանք ձեռքբերումներ են, որոնք մինչև վերջերս անհավանական էին թվում», - նշել է Օվերչուկը։