|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 17։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում տեղի կունենա ռեժիսոր Մեհմեդ Էմին Յըլդըզի «Ասատուր» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառմանը կմասնակցի նաև այս օրերին Հայաստանում գտնվող ֆիլմի պրոդյուսերներից Օրսոլա Կասագրանդեն, ով կներկայացնի ֆիլմի նկարահանման պատմությունը և կպատասխանի մասնակիցների հարցերին։
Այդ մասին հայտնում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի պաշտոնական կայքէջ www.akunq.net –ը։

Աղբյուրի համաձայն՝ Արևմտյան Հայաստանի Մալաթիա բնակավայրում նկարահանված այս փաստագրական ֆիլմը ներկայացնում է հայկական ինքնությունը վերագտած խարբերդցի մի հայի պատմությունը։ Ֆիլմը մի անհատի հիշողության միջոցով լույս է սփռում Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց հայրենի տարածքներից աքսորված և աշխարհով մեկ սփռված հայության հավաքական հիշողության վրա։
Ասատուրի անհատական պատմությունը ներկայացնում է հայկական ինքնության վերակառուցման ընթացքում նրա հանդիպած դժվարությունները։ Ֆիլմի հեղինակները Ասատուրի միջոցով անդրադառնում են ոչ միայն նրա անհատական պատմությանը, այլ նաև՝ Հայոց ցեղասպանության՝ մինչ օրս զգալի հետևանքներին և իսլամացված հայերի՝ ինքնության վերագտման պայքարին։ Ֆիլմի սցենարը հիմնված է Մեսութ Էթհեմ Քավալլիի «Քեզ որոնելիս» գրքի վրա, որը նվիրված է պարոն Ասատուրի՝ 1915 թ․ մինչ օրս ձգվող ընտանեկան պատմությանը։
Ֆիլմի կինոբեմադրիչը Մեհմեդ Էմին Յըլդըզն է, պրոդյուսերներն են Օնուր Գյուլերը, Ալեքսիս Քալքը, Ադիլ Դեմիրջին և Օրսոլա Կասագրանդեն, սցենարի խորհրդականը՝ Մեսութ Էթհեմ Քավալլին, գաղափարի հեղինակը՝ Շերիֆ Չիչեքը, իսկ հայերեն ենթագրերի թարգմանությունը կատարել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու Մելինե Անումյանը։
Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ՝ դեկտեմբերի 17
Ժամ՝ 17։00
Հասցե՝ Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամ