կարևոր
295 դիտում, 36 րոպե առաջ - 2025-12-05 11:18
Հասարակություն

Արշակ Սրբազանի դեմ կատարվողն այլանդակություն է, Փաշինյանը չի մարսում նրա նզովքը. Արծվիկ Մինասյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում   ընթանում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատավորն է՝ Մասիս Մելքոնյանը։ 

«Այս մարդկանց տակտիկան պետք է ժողովրդի համար պարզ լինի․ սկզբում վարկաբեկել, հետո ամենաայլանդակ, ամենաանտրամաբանական մեթոդներով մարդկանց ներկայացնել մեղադրանքներ։ Նույնը Արշակ Սրբազանի պարագայում է․ սկզբում վարկաբեկել, որովհետև չեն մարսում այն նզովքը, որը նա արեց, այնուհետև փորձել քրեական տարբեր գործերի հետ կապել, հետագայում էլ տանել սահամանափակումների»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այս աստիճանի այլանդակություն ուղղակի չի կարող լինել, այս մեթոդները պետք է հանրային պարսավանքի արժանանան և սա պետք է ազդակ լինի հանրությանը՝ հիմնովին մերժելու այս այլանդակությունը և այդ այլանդակությունը կրող ներկա քաղաքական իշխանությանը, նրա հլու-հնազանդ կամակատար դատախազությանը»,- հավելեց նա: