կարևոր
256 դիտում, 55 րոպե առաջ - 2025-12-02 18:49
Իրավական

Իմ դեմ պատվերը Գոմցյանի կողմից է. իրենք ՔՊ-ական են, ես մաքուր եմ, վերևն Աստված կա. Վարդան Ղուկասյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով հերթական դատական նիստի ավարտից հետո Գյումրու քաղաքապետը հարկ համարեց լրատվամիջոցների ներկայությամբ անդրադառնալ Գյումրու գլխավոր  ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի ու գործարար Սևակ Գոմցյանի մասնակցությամբ տեղի ունեցած, այսպես ասած, կաշառքի գործին, որից առանձնացվել է իր մասը ու ուղարկվել է դատարան։

Շուտով այդ գործով դատական նիստերը կսկսվեն։ Վարդան Ղուկասյանը պարզաբանեց, որ այդ կաշառքի գործը՝ գործարար Սևակ Գոմցյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել ՔՊ-ի՝ Գյումրիում իշխանավարության ժամանակ։

«ՔՊ-ն է արել, ՔՊ-ի ժամակահատվածում է եղել, Գոմցյանի գործունեությունը արվել է ՔՊ-ի ժամանակահատվածում, և իրենք էլ ՔՊ-ական են։ Էս պատվերը իրենց կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող գիտենա, իմ ձեռքերը մաքուր են։ Ուրեմն Խանջյանին որ դատում էին ՝ որպես հակա, ինչ ասեցին, թե դու շպիոն ես բոլոր ազգերի՝ Ամերիկայի, Անգլիայի, հետո ասին՝ Թուրքիայի, ասեց՝ այ, էդ մեկը չէ։ Հետո ճգնավորներից մեկն էլ ասեց՝ դու ամեն մեղքերն ասեցիր, բայց երբ ասին՝ դու աղանդավոր ես, ասեց՝  աղանդավոր չեմ,  հիմա  էդ անունը իմ  վրա չի կպնում, բայց վերջում  և՛ քննիչները, և՛ դատախազները, և՛ դատավորները եթե հանձնարարականով ինձ մի հատ դատեցին, խոսք եմ տալիս մինչև կյանքիս վերջ, իրենք էստեղ են գտնվելու անպայման։ Ու դա կտեսնենք, էդ հանձնարարականներով էս դատարանները, քննիչները, դատախազները պատասխան են տալու, իրենքի իրենց աշխատավարձի համար, իրենց ընտանքիները պահելու համար մեզի պես մարդկանց կործանում են, բայց իրենք շան օրն են ընկնելու, որովհետև վերև Աստված կա»,-ասաց Վարդան Ղուկասյանն ու հեռացավ։