|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հայտարարել է, որ Գազայում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ միջնորդական ջանքերը շարունակվում են, և որ համաձայնագրի խախտումները մտահոգության տեղիք են տալիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Մենք կարծում ենք, որ պետք է երկու կողմերին էլ հնարավորինս շուտ մղենք երկրորդ փուլ», - նշել է ալ-Անսարին։
Դոհայում կայացած մամուլի ասուլիսում ալ-Անսարին հաստատել է, որ իր երկիրը շարունակում է հետևել Գազայի շուրջ ձեռք բերված համաձայնագրին և աշխատում է կանխել ներկայիս հրադադարի խափանումը։ Նա ընդգծել է Դոհայի վստահությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի և նրա դերի, ինչպես նաև միջնորդների դերի նկատմամբ։
«Սա դեռևս գործող ամենաերկար հրադադարն է, և մենք կատարում ենք մեր դերը համաձայնագրի իրականացման, խախտումների վերահսկման և դրա տապալումը կանխելու գործում», - նշել է խոսնակը։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլը սկսվել է հոկտեմբերի 10-ին, սակայն կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են խախտումներ իրականացնելու համար։ Համաձայնագրի առաջին փուլի ընթացքում ՀԱՄԱՍ-ի մոտ դեռևս պահվող իսրայելի պատանդները և զոհված պատանդների մարմինները փոխանակվել են Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ։
2023 թ. հոկտեմբերից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 000, վիրավորվել՝ ավելի քան 170 000 մարդ։ Իսրայելը հարձակում էր սկսել ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250-ը։
Նոյեմբերի 30‑ին Գազայի կառավարության մամուլի գրասենյակի հրապարակած վերջին վիճակագրության համաձայն՝ իսրայելական ուժերը 591 անգամ խախտել են հրադադարի համաձայնագիրը, որի հետևանքով զոհվել է 357 մարդ, վիրավորվել՝ 903-ը։