|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում դիտվում է լեոնիդների ասուպային հոսք՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:
Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, և մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:
Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի, իսկ զանգվածը՝ մինչև 85 գրամի:
Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866թ-ին հայտնաբերված 55P/Թեմփել-Թաթլ գիսավորից մնացած բեկորների միջով Երկրի անցումով: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդների հոսքը հանդիսանում է ամենաառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ»,-նշել է նա: