կարևոր
421 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-05 15:17
Հասարակություն

Կոշիկի համարն էլ են ուզում հաճախ, որ մարդուն նույնականացնեն․Արծվիկ Մինասյանը՝ նախարարին

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ևկից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Ըստ նախագծի՝ ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման: Ծանուցումն այդ հարթակում տեղադրվելու է, եւ եթե անձն այդ հարթակ մուտք գործի, համարվելու է ծանուցված: Անձը կարող է նաեւ տրամադրել հավելյալ կապի միջոցներ՝ անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով հավելյալ կտեղեկացվի իր հարթակում ծանուցում տեղադրելու մասին: Եթե հարթակում տեղադրվելուց հետո երեք օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, ապա հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակն ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով: Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցողը որեւէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին ու փոստային ծրարավորվում եւ ուղարկում է անձի հաշվառման հասցեով: Եթե այս եղանակով ուղարկվելուց հետո 7 օրվա դրությամբ արձանագրվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է azdarar.am հարթակում, իրականացվում է հրապարակային ծանուցում, որից հետո 7-րդ օրն անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով կարող են ծանուցումներ ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, եւ այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրն անձը համարվելու է պատշաճ ծանուցված անկախ այն հանգամանքից՝ անձը մուտք է գործե՞լ այդ հարթակ, թե՝ ոչ: Այսինքն՝ տվյալ դեպքում այլեւս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով եւ azdarar.am հարթակով ծանուցում:

Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պարագայում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը: Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները գրեթե ամենօրյա ռեժիմով մուտք են գործում: Կազմակերպություններն աշխատելու համար մտնելու են հարթակ եւ տեսնելու են իրենց ծանուցումներն էլեկտրոնային ոչ միայն ՊԵԿ-ից, այլ նաեւ այլ մարմիններից:

Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պատշաճ ծանուցվելու են: ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում ծանուցումը տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից, եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը միանգամից տեղադրվելու է azdarar.am կայքում: Տեղադրելուց հետո 5-րդ օրը վերջիններս համարվելու են պատշաճ ծանուցված:

Ծանուցումների տեղադրման կարգը եւ տեխնիկական այլ մանրամասներ սահմանվելու են Կառավարության որոշմամբ:

Անձանց կողմից համակարգ մուտք գործելը կամ ծանուցումը կարդալը արձանագրվելու է համակարգի կողմից: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակին եւ այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը եւս կհամարվի պատշաճ ծանուցում: Այս դեպքում մասնավոր սուբյեկտների համար նախատեսվում է պետական տուրքի սահմանում՝ այդ հարթակի միջոցով ծանուցումների իրականացման համար:

Օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի մեկից:

«Հայաստան» խմբակցութան քարտուղար Արծվիկ  Մինասյանը մի քանի հարցադրմամբ նախարարից փորձեց նախագծի հնարավոր խնդրահարույց կողմերի մասին պարզաբանում ստանալ։