|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության նիստին ընդառաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Վերջին օրերին հարցաքննության են կանչվում 2008թ. մարտի 1-ի գործով պետական բարձր պաշտոնյաներ` ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մամուլում որոշ իրավաբաններ ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել: Այդ հարցին անդրադառնալով` ՀՔԾ պետն ասաց. «Այդ մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, անուններ չեմ ուզում տալ, թե իբր քրեական գործ է հարուցվել մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել, դրանք, մեղմ ասած, ոչ կոմպետենտ հայտարարություններ են, քանի որ այդ արարքը` կոնկրետ սահմանադրական կարգի տապալումը, քրեորեն հետապնդելի է եղել նաև 2008-ին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով: Հոդված 300-ն է` պետական իշխանությունը յուրացնելը: 2008թ. մարտի 1-ի դրությամբ գործող այս հոդվածով, որպես հանցակազմը բնորոշող հանգամանք, սահմանվում է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները: Այսինքն` այս գործողությունը այն ժամանակ էլ է նախատեսված եղել որպես հանցագործություն, այն նախատեսված է եղել 300 հոդվածով, հետագայում այդ դիսպոզիցիան այս հոդվածից հանվել է և նախատեսվել այլ հոդվածով` 301-ով: Այսինքն` արարքը եղել է հանցավոր, այն ժամանակ էլ է քրեորեն հետապնդելի եղել, դրանից հետո էլ: Ընդամենը փոխվել է հոդվածի համարը»: