կարևոր
12325 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-29 21:03
Հասարակություն

Այսօր Գարեգին 2-րդի շնորհիվ վերանորոգվել և գործում են Ապարանի 10-յակից ավելի եկեղեցիներ. շնորհակալությո´ւն, Վեհափա´ռ

Այսօր Գարեգին 2-րդի շնորհիվ վերանորոգվել և գործում են Ապարանի 10-յակից ավելի եկեղեցիներ. շնորհակալությո´ւն, Վեհափա´ռ

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանը գրում է.

«Շնորհակալություն՝ ՆՍՕՏՏ Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսին

Գաղտիք չէ, որ ԽՍՀՄ տարիներին բոլոր եկեղեցիները փակվել էին, հոգևորականները ձերբակալվել-գնդակահարվել։ Պահեստի վերածված Ապարանի Սուրբ Խաչը, այդ թվում՝ համայնքի ոչ մի եկեղեցի, նույնիսկ անկախությունից հետո չէր գործում։ Ապարանում չկար ոչ մի քահանա։ Սուրբ Պատարագը Գործկոմի դահլիճում էր կատարվում, նաև Մայր Աթոռի շնորհիվ մեր դպրոցում կիրակնօրյա դասեր էին կազմակերպվում, Սուրբ Էջմիածնից գալիս էին հոգևորականներ, որոնց թվում նաև Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, մեր ապագա ազգային ու Ամենայն Հայոց Վեհափառը։ Մեզ առաջին Աստվածաշունչը իրենք են բաժանել։

Արարողությունների համար հոգևորական հրավիրվում էր հիմնականում Աշտարակից։ Մկրտությունը տներում էր արվում։ Դա էր պատճառը, նաև մայրիկիս երազանքը, որ 1995թ. մեր մկրտությունը կատարվեց Մայր Աթոռի մկրտարանում։

1996թ. վերաբացվեց IV դ. մեր Սուրբ Խաչ եկեղեցին, իսկ այսօր Գարեգին 2-րդ Վեհափառի շնորհիվ վերանորոգվել և գործող են դարձել Ապարանի մեկ տասնյակից ավելի եկեղեցիներ։ Միայն Ապարանից ձեռնադրվել են հինգ-վեց գուցե ավելի քահանաներ՝ Տեր Մուշեն, Տեր Սարգիսը, Տեր Հայկը, Տեր Նարեկը, Տեր Հովնանը, պատրաստվել են տասնյակ դպիրներ ու սարկավագներ։

Շնորհակալություն Վեհափառ Տեր, Հայոց եկեղեցիները վերաբացելու, քահանայական դաս ձեռնադրելու, Հայոց եկեղեցին ինստիտուցիոնալ կայացնելու, աշխարհասփյուռ հայությանը հայոց եկեղեցու միջոցով իրար շաղկապելու համար։ Պատմությունը կգնահատի Ձեր հայրենանվեր և եկեղեցաշեն գործունեությունը»։