կարևոր
3013 դիտում, 14 ժամ առաջ - 2025-12-05 17:05
Հասարակություն

Վազգեն Միրզախանյանը մոռացել է, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի և այլոց շնորհիվ

Վազգեն Միրզախանյանը մոռացել է, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի և այլոց շնորհիվ

Թիֆլիսահայ հասարակական գործիչ Արթուր Միրզոյանն անդրադարձել է Վազգեն Միրզախանյանի հարցազրույցին՝ գրելով․

«Վեհափառի դեմ հարցազրույցում Վազգեն Միրզախանյանը Վրաստանում իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարում է Հովհաննես Թումանյանի տան վերադարձը, բայց զավեշտալի կերպով մոռանում է նշել Վարդան Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, Ռիտա Սարգսյանի անունները, ում շնորհիվ այս տուն-թանգարանը վերանորոգվել և այժմ պատկանում է վիրահայոց թեմին»։

Նշենք, որ Թբիլիսիում Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնը բացվել է 2017 թ. օգոստոսի 5-ին և այդ պահից ի վեր այնտեղ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրական քննարկումներ և շնորհանդեսներ, ինչպես եղել է նախկինում Հովհաննես Թումանյանի տանը:

Թբիլիսիում գտնվող տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը, պատկանել է թիֆլիսահայ մեծահարուստ Հովսեփ Գրիգորի Շանշյանին: Ներկայումս Վրաստանի արխիվներում այդպես էլ պահպանվում է. տան սեփականատերը եղել է Հովսեփ Շանշյանը, ում ազգանվան առաջին տառերն այսօր էլ պահպանվում են տան շքամուտքի դռների վրա: Հովհաննես Թումանյանը վարձակալել է տան երրորդ հարկը, իսկ նրա մահից հետո՝ Խորհրդային իշխանության շրջանում, Թումանյանի ընտանիքը, վախենալով, որ պետությունը կարող է տունը բռնագանձել, ձեռք է բերում փաստաթուղթ այն մասին, որ տունը բռնագանձման ենթակա չէ: Այդ փաստաթուղթը ձեռք է բերվում Վրաստանի համապատասխան մարմինների, Հայաստանի գրողների միության միջնորդությամբ և Ավետիք Իսահակյանի անմիջական օժանդակությամբ: Չնայած այդ փաստաթղթին՝ 30-ականներին այդ տունը կիսվում է. դրա մի հատվածում բնակեցվում է մի ընտանիք, որը տարհանվում է 50-ականներին, և այդ մասում բացվում է Թբիլիսիի՝ Թումանյանի անվան թիվ 13 քաղաքային գրադարանը: ԽՍՀՄ փլուզման տարիներին Թբիլիսիի քաղաքապետարանը, պատճառաբանելով, որ գրադարանը չի արդարացնում իրեն, վաճառում է գրադարանային հատվածը մասնավոր սեփականության:

Հենց այս տարիներին է, որ Թումանյանի տունը դառնում է համայն հայության մտահոգության առարկան: Այս ժամանակ սկիզբ առավ շնորհակալ աշխատանք՝ Թումանյանի տունը հայությանը վերադարձնելու հետ կապված: Այս աշխատանքի նախաձեռնողներից առաջինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Գրադարանային հատվածը երջանկահիշատակ Լևոն Անանյանի աջակցությամբ ձեռք է բերվում Գյումրիի նախկին քաղաքապետ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանի միջոցով, իսկ երկրորդ հատվածը, որտեղ ապրում էր Հովհաննես Թումանյանի ծոռնուհին, ձեռք բերվեց IDEA հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյանի միջոցներով: Տունը շատ վատ վիճակում էր, քանի որ հին էր, և այն վերականգնելու համար մեծ աշխատանք էր պահանջվում: Վերականգման աշխատանքներում օգնել է «Ջինիշյան» հիմնադրամը, IDEA հիմնադրամը և վիրահայոց թեմը։