կարևոր
853 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-14 22:21
Աշխարհ

Համընդհանուր գործադուլ է հայտարարվել Բելգիայում

Համընդհանուր գործադուլ է հայտարարվել Բելգիայում

Բելգիայում համընդհանուր գործադուլը խաթարել է հասարակական տրանսպորտի գործունեությունը, դադարեցվել է բազմաթիվ ավտոբուսային գծերի գործունեությունը: Երկրի երկու խոշորագույն օդանավակայաններում չեղարկվել են բոլոր արտագնա չվերթները: Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ 

Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ ի պատասխան արհմիությունների կոչի: Ցուցարարները դեմ են Բարտ դը Վևերի կոալիցիոն կառավարության կողմից նախատեսվող խնայողության միջոցառումների օրինագծին: Ցուցարարները կարծում են, որ կառավարության գործողությունները հիմնականում կվնասեն խոցելի խմբերին: Արհմիությունները վրդովված են առաջարկվող կենսաթոշակային բարեփոխմամբ, գիշերային հերթափոխի վարձատրությունը կրճատելու ծրագրով և գործազրկության նպաստների չափով:

Ցույցերը մեծ մասամբ խաղաղ են, սակայն Բրյուսելում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տասնյակ մարդկանց։ Մի քանիսը վիրավորվել են և տեղում ստացել բժշկական օգնություն։

Ակնկալվում է, որ բողոքի ցույցերը կմեծացնեն ճնշումը Բարտ դե Վևերի կոալիցիոն կառավարության վրա, որը նախօրեին չի կարողացել բյուջետային խնդիրներում գալ համաձայնության։

Բելգիայի բյուջեի դեֆիցիտը 2024 թվականի վերջին կազմել է 4.5%, իսկ պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100%-ը։ Սա խախտում է ԵՄ կանոնները, որոնք պահանջում են անդամ պետություններից պահպանել իրենց բյուջետային դեֆիցիտը 3%-ից ցածր, իսկ պարտքի մակարդակը՝ ՀՆԱ-ի 60%-ից ցածր։