Փոխարժեքներ
09 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 445.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6883 |
GBP | ⚊ | £ 513.38 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Օրերս՝ հոտեմբերի1-2-ը, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվեց արևելյան մարտարվեստի «Շոտոկան կարատե դո»-ի աշխարհի 17-րդ առաջնությունը։ Հայաստանը առաջնությանը մասնակցեց ներկայացուցչական կազմով՝ 10 մարզիկ։ Նրանցից երկուսը, որոնք դարձան առաջնության հաղթողներ, Կոտայքի մարզի Գառնի համայնքից են։
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ջեսիկա Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր, կումիտե ոճում։ Երկրորդ տեղում նրա թիմակից Հայկ Ղարիբյանն է՝ արծաթե մեդալ կատա ոճում։ Համապատասխանաբար, երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր զբաղեցրեցին հավաքականի մյուս մարզիկները թիմային և անհատական պայքարում՝ Անդրեյ Փիլիպոսյանը, Անի Աթանեսյանը, Էլեն Սարգսյանը, Էլեն Թովմասյանը, Արտակ Սարոյանը, Վահագն Վարդանյանը, Գոռ Վիրաբյանը, Արթուր Համբարձումյանը, Ալբերտ Թևատրոսյանը։
Ջեսիկա Սարգսյանը հավաքականի առաջատարն է։ Մարզաձևով զբաղվում է շուրջ տասը տարի, ունի սև գոտի, 2-րդ դան։ Այս տարիների ընթացքում բոլոր մարզային, հանրապետական, միջազգային մրցաշարերից վերադարձել է ամենաբարձր արդյունքներով՝ ոսկե և արծաթե մեդալներով, բազում պատվոգրերով։ Ջեսիկայի մարտավարությունը կառուցվում է մտքի և ֆիզիկական չափազանց ճկունության, մրցակցի հարվածը ակնթարթորեն կանխազգալու ու ճիշտ հակահարված տալու վրա։ Այսօր անվարան կարելի է ասել, որ նա Հայաստանի լավագույն մարզիկն է այս մարզաձևում։
Հայկ Ղարիբյանը նույնպես մարզաձևի առաջամարտիկներից է և միշտ պատվով է ներկայացնում Հայաստանը տարբեր մրցաշարերում։ Նա ևս աչքի է ընկնում կատարման բարձր տեխնիկայով։ Ջեսիկայի և Հայկի մարզական հաջողությունների գրավականը, ինչպես իրենք են ասում, նրանց մարզիչն է՝ Գարեգին Սարգսյանը, կամ ինչպես ընդունված է դիմել մարտարվեստի կանոններով, սենսեյ Գարեգինը։ Նա նաև Ջեսիկայի հայրն է ու ֆեդերացիայի «Շոտոկան կարատե դո»-ի մարզիչը Գառնի համայնքում։ Գ. Սարգսյանի սաներն առհասարակ աչքի են ընկնում կատարողական բարձր տեխնիկայով թե՛ թիմային և թե՛ անհատական մրցապայքարում, առաջատար են բոլոր մրցաշարարերում։ Ճապոնիայի՝ աշխարհի 2023թ. 16-րդ և 2025թ. 17-րդ առաջնություններում նրա սաների գրանցած հաղթանակները ևս մեկ անգամ հավաստեցին վերջինիս մարզչական բարձր որակների ու կատարած փայլուն աշխատանքի մասին։
«Շոտոկան կարատե դո»-ն մեր երկրում սկսել է զարգանալ 1990-ական թթ. և, չնայած ոչ մեծ կենսագրությանը, հասցրել է լուրջ ձեռքբերումներ ունենալ։ Իսկ Աշխարհի 17-րդ առաջնությունում, մարզաձևի բնօրրանում գրանցած այս երկու կարևորագույն հաղթանակները ցույց տվեցին, որ մենք կարող ենք արևելյան մարտարվեստում էլ լուրջ հայտ ներկայացնել նրա վարպետներին ու հաղթել։