Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Գործադուլավորներն ու դասադուլավորները Ժաննա Անդրեասյանին կոչ են անում գնալ իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհով՝ չեղարկել տնօրենի ժ/պ-ի նշանակման հրամանը։
Հոկտեմբերի 7-ը Գորիսում նշանավորվեց աննախադեպ լարվածությամբ:
Նախօրեին գործադուլ ու դասադուլ հայտարարած Գորիսի պետական քոլեջից հետո դասադուլ եւ գործադուլ հայտարարեց Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը:
Երկու կրթօջախի կոլեկտիվներն անթույլատրելի են համարում Արմինե Կոլյանին ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելը՝ հիմքում ունենալով մի շարք լուրջ պատճառներ:
Հոկտեմբերի 7-ին, ինչպես հայտարարվել էր, ԿԳՄՍ նախարարությունը տնօրենի պաշտոնակատարին պետք է ներկայացներ միավորվող երկու կրթօջախի կոլեկտիվներին:
Այդ միսիան պետք է գլուխ բերեր ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Սակայն նրա գորիսյան առաքելությունը չեղարկվեց այն բանից հետո, երբ Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը նրան անցանկալի անձ հայտարարեց՝ մատնանշելով բազմաթիվ լրջագույն հանգամանքներ:
Ուստի եւ Գորիս ուղարկվեց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը:
Վերջինիս ու տնօրենի պաշտոնին հավակնող Արմինե Կոլյանի առջեւ դռները փակեցին ե՛ւ Գորիսի պետական քոլեջում, ե՛ւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում:
Գորիսի պետական քոլեջի աշխատողներն ու ուսանողները նույնիսկ հրաժարվեցին լսել նախարարի խորհրդականին՝ նրան եւ տնօրենի հավակնորդին մեն-միայնակ թողնելով բակի մենավոր մի ծառի շուքին տակ:
Օրվա վերջին Արտաշես Թորոսյանը՝ ձախողված իր առաքելության մեջ, վերադարձավ Երեւան:
Ամփոփելով հոկտեմբերի 7-ի օրը՝ Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում ոստիկանության Գորիսի բաժնին (բաժնի պետ՝ Կարեն Հովսեփյան)՝ գործադուլի եւ դասադուլի խաղաղ ու քաղաքակիրթ ընթացքում հնարավոր սադրանքներ թույլ չտալու համար:
Այդ բոլորով հանդերձ պատշաճ ենք համարում իրազեկել՝ գործադուլն ու դասադուլը հոկտեմբերի 8-ին կշարունակվեն:
Մենք գիտակցում եւ ափսոսանքով ենք նշում նաեւ՝ ստեղծված իրվիճակում խաթարվում է հարյուրավոր ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքը:
Եվ դրա ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Այո, հենց նրա գործունեության հետեւանքով է, որ խախտվում է ուսանողների իրավունքը:
Ուստի եւ կոչ ենք անում նախարար Ժաննա Անդրեասյանին՝ դուրս գալ պատվեր կատարողի տխուր կարգավիճակից եւ անհապաղ (հանուն ուսանողների) չեղարկել ստեղծվող քոլեջի տնօրենի ժ/պ-ի նշանակման հրամանը:
Չչեղարկել այդ որոշումը կամ հրամանը՝ նշանակում է ավելի խորացնել ամիսներ շարունակ տեւող ճգնաժամը, նշանակում է ինչ-որ մարդկանց անձնական հետաքրքրություններին ընդառաջելու համար զոհաբերել հարյուրավոր ուսանողների կրթության իրավունքը:
Նախարարության որոշումը (հրամանը) չեղարկելուց րոպեներ հետո կդադարեցվեն գործադուլն ու դասադուլը, որից հետո Գորիսում՝ նախարարի հետ, քոլեջի կոլեկտիվը ընդհանուր համաձայնության կգա վերջին ամիսներին ծագած բոլոր խնդիրների շուրջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատողները գործադուլ են հայտարարել։