Փոխարժեքներ
05 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) տնօրենների խորհրդի անդամներին ու բարերարներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ, ՀՕՖ-ի նախագահ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ատենապետ Ռանդի Սապահ-Գուլյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
«Հանդիպմանը Մեսրոպ եպիսկոպոսը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներակայցրեց հյուրերին և հիմնադրամի ծավալած գործունեությունը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին՝ բարձրորեն գնահատելով այն ազգաշահ առաքելությունը, որ ՀՕՖ-ը իրականացնում է հայրենիքում և սփյուռքում:
Հայոց Հովվապետը, անդրադարձ կատարելով հիմնադրամի ազգանվեր և եկեղեցանվեր գործունեությանը, նշեց որ հայրենիքի համար ծանր ու փոթորկալի ժամանակներում ՀՕՖ-ը իր կարելիություններն ի սպաս է դրել ազգի զավակների հոգածության համար և իր ավանդն է բերել երկրի կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական ոլորտներում, ինչպես և Հայաստան-սփյուռք կապերի սերտացմանը։
Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց նաև ՀՕՖ-ի առաքելությանը սատարող բարեկամներին ու բարերար հայորդիներին՝ ընդգծելով, որ նրանց ներդրումի և ազնիվ ծառայության շնորհիվ բարեզարդվում ու պայծառանում է եկեղեցական և ազգային կյանքը։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ կարևորելով սփյուռքի ազգային կառույցների, ինչպես նաև ՀՕՖ-ի ջանքերն ի նպաստ առկա խնդիրների հաղթահարման, հայրենիքի զորացման ու առաջընթացի։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով ընդգծեց, որ հոգևոր դասի ու եկեղեցանվեր հայորդիների նախանձախնդրության ու նվիրումի շնորհիվ Եկեղեցին անշեղորեն իրականացնում է իր առաքելությունը։
Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի գործունեությանը տարբեր ոլորտներում և ծրագրերին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն օրհնի և զորավիգ լինի թեմակալ առաջնորդին, ՀՕՖ-ի անդամներին, բարեկամներին ու բարերարներին իրենց բոլոր ազգօգուտ նախաձեռնություններում»,- նշված է հաղորդագրության մեջ: