|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Հանդիպմանը քննարկվեցին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյա-հոգեբանական վիճակին առնչված հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։
Հայոց Հայրապետը հորդորեց թեմակալ առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին, որպեսզի շարունակեն Մայր Աթոռի համապատասխան կառույցների և սփյուռքի թեմերի հետ համագործակցաբար հնարավոր բոլոր միջոցները գործադրել միջազգային ու միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։
Անհրաժեշտ նկատելով թեմական կառույցների պահպանությունը՝ Նորին Սրբությունը կարևորեց նաև արցախահայերի համախմբման, ոգու զորացման և ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։