|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի տնօրեն Մաթիաս Պերտուլլային և դաշինքի տնօրենների խորհրդի անդամ, քաղաքացիական իրավունքի պաշտպան, քրիստոնեական հավատքի դեսպան, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի զարմուհի դոկտոր Ալվեդա Քինգին։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց դաշինքի անդամներին և աջակիցներին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և միջազգային հարթակներում հայության ձայնը լսելի դարձնելու ջանքերի համար։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների, Բաքվում պահվող ռազմագերիների, արցախահայության իրավունքների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման փաստերի առնչությամբ։
Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց բարեկամ երկրների ու միջազգային հանրության ջանքերը՝ ի նպաստ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման։
«Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի ներկայացուցիչներն իրենց զորակցությունը հայտնեցին Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ կիսելով մտահոգությունները արցախահայության ոտնահարված իրավունքների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության կապակցությամբ։ Վերջիններս ընդգծեցին, որ հիշյալ հարցերը պիտի շարունակեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների պետական բարձրագույն ատյաններում՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի մոռացվելու համաշխարհային մեծ իրադարձությունների հորձանուտում։