Փոխարժեքներ
03 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.34 |
EUR | ⚊ | € 450.5 |
RUB | ⚊ | ₽ 4.6984 |
GBP | ⚊ | £ 516.82 |
GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իշխանությունները ձգձգում են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին ազատազրկելու գործընթացը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել մեղադրական դատավճիռը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը երկու անգամ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որոնցից առաջինը, ինչը հետ էր ուղարկվել ու ժամանակ տրամադրվել սխալները շտկելու և կրկին բողոք ներկայացնելու համար, ինչիզ հետո ներկայացված երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ, մեղադրական վճիռը սեպտեմբերի 26-ին մտել է օրինական ուժի մեջ։
Ջալալ Հարությունյանը, սակայն, առ այս պահը չի ազատազրկվել, թեև վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին։
Վճռաբեկ դատարանից գործը նոր է ուղարկվել առաջին ատյանի դատարան, որտեղից էլ վճիռը պետք է ուղարկվի կատարման։
Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։