կարևոր
4126 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 12:31
Իրավական

Նաիրա Հովսեփյանը 2 տարի 3 ամիս անց դատական ակտը ոչ միայն չի տրամադրել, այլև չի հրապարակվել․ փաստաբան

Նաիրա Հովսեփյանը 2 տարի 3 ամիս անց դատական ակտը ոչ միայն չի տրամադրել, այլև չի հրապարակվել․ փաստաբան

Փաստաբան Լուսինե Սահակյանը, արձագանքելով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշմանը, որին կողմ է քվեարկել նաև խորհրդի նորանշանակ անդամ Նաիրա Հովսեփյանը, գրառում է կատարել՝ հրավիրելով ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը։

«Ասում են ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։

Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Ն.Հովսեփյանի կողմ քվեարկելը մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։

Բայց պարզվում է դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Համենայնդեպս այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եւ ուրեմն ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։
1. Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանի ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։

2. ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ, մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»,- գրել է Սահակյանը։