կարևոր
1153 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 19:10
Հասարակություն Քաղաքական

Արցախահայության ցեղասպանությունից 3 տարի անց տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ արևմտահայության ցեղասպանությունից 3 տարի անց

Արցախահայության ցեղասպանությունից 3 տարի անց տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ արևմտահայության ցեղասպանությունից 3 տարի անց

Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է

«Ամեն ինչ պարզ է․ Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից բոլոր առումներով, հիմնական խոչընդոտը՝ ռուսական զորքը դուրս բերվի, և արդեն արևելահայության ցեղասպանության ու Արևելյան Հայաստանի յուրացման դարավոր ծրագիրը կարելի է ընդամենը մի քանի ժամում իրագործել։

Գլոբալ առումով կրկնվում է 1918 թ․ իրավիճակը․ Անդրկովկասի հավաքական իշխանություն Սեյմը 1918 թ․ մարտին անջատվեց Ռուսաստանից և փորձեց ինքնուրույն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ ու Տրապիզոնում սկսեց բանակցություններ, բայց թուրքական բացված ախորժակի դեմ չառան ո՛չ Տրապիզոնի բանակցությունները, որոնք այդ պատճառով ընդհատվեցին, ո՛չ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության հռչակումն ու Ա. Չխենկելու գլխավորությամբ նոր կառավարության ձևավորումը, որն իբր ճանաչեց Թուրքիան, ո՛չ մայիսին Բաթումում սկսված բանակցությունները Թուրքիայի և անկախ Անդրկովկասյան Հանրապետության միջև։

Թուրքական նենգ դիվանագիտությունը Անդրկովկասի իշխանության հետ ընդամենը խաղ էր խաղում, մինչ թուրքական բանակը հարմար կդիրքավորվեր, և կգար ճիշտ պահը։

Եվ այդ պահը չուշացավ՝ մայիսին թուրքական զորաբանակը գրավեց Ալեքպոլն ու շարժվեց Երևան, հարավային Վրաստանում էլ թուրքերը գրավեցին Բաթումը, Ախալքալաքն ու Օզուրգեթը (Մախարաձեն) և շարժվեցին դեպի Թբիլիսի։ Անդրկովկասի Սեյմը մի քանի օրում փոշիացավ։

Եվ միայն Ախալցխայի ու Ախալքալաքի գավառների մատույցներում հերոսական դիմադրությամբ (հայտնի են հայ-վրացական համատեղ ինքնապաշտպանության և փայլուն դիմադրության վառ օրինակներ), ինչպես նաև Սարդարապատում և այլուր հայության հերոսամարտերով փրկվեցին Թբիլիսին ու Երևանը թուրքական բռնազավթումից։

Արցախահայության ցեղասպանությունից 3 տարի անց տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ արևմտահայության ցեղասպանությունից 3 տարի անց։ Կլինի՞ Սարդարապատի հրաշքը այս անգամ, դժվար է ասել․․․

Հ․գ․ Բնականաբար, խոսքը հայության գոյության նվազագույն պայմաններն ապահովող անվտանգության սիստեմի մասին է, որի քայքայումը մշտապես եղել է Թուրքիայի առաջնահերթությունը։ Իսկ թե ինչու՝ տե՛ս պատմության դասերը»։