կարևոր
421 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 19:27
Աշխարհ

Պայթյուն և հրդեհ Մյունխենի բնակելի շենքերից մեկում. ի՞նչ է հայտնի այս պահին

Պայթյուն և հրդեհ Մյունխենի բնակելի շենքերից մեկում. ի՞նչ է հայտնի այս պահին

Գերմանիայի Մյունխեն քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում են գերմանական լրատվամիջոցները։

Ըստ «Bild»–ի` ծնողների տունը հրկիզած տղամարդը ժառանգության շուրջ վեճի պատճառով սպանել է հորը և վնասել մորը։

Բավարիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործության վայրի մոտակայքում նամակ է հայտնաբերվել։

«Առաջին քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է նաև կասկածյալի գրած նամակը, որում եղել է պայթյունի սպառնալիք՝ կապված «Օկտոբերֆեստի» հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Գարեջրի փառատոնի բացումը հետաձգվել է, քանի որ ոստիկանությունն ու սակրավորները ծառայողական շների հետ խուզարկում են տարածքը։

Նախնական տվյալներով` բնակելի տան հրկիզման մեջ կասկածվողը ինքնասպան է եղել Լերխենաու լճի շրջանում։ Նրա մոտ պայթուցիկ սարքով ուսապարկ է եղել, որը դեռ պետք է վնասազերծեն։

Իրավապահները թակարդ-ականներ են գտել բնակելի շենքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Վնասազերծման համար հատուկ ուժեր են ներգրավվել։

Գերմանիայի ոստիկանությունը պարզում է, թե միջադեպը որքանով կապ ունի ձախ արմատական «Անտիֆա» շարժման հետ։

«Münchner Merkur» թերթը գրում է, որ այսօր «Indymedia»–ի ձախ հատվածում «Անտիֆան նշանակում է հարձակում» վերնագրով հաղորդագրություն է հրապարակվել, որի հեղինակները պնդել են, թե մի քանի շքեղ ավտոմեքենա են այրել և մի քանի այց են կատարել տներ, իսկ մի ֆաշիստի առավոտյան զբոսանքը այնքան էլ լավ չի անցել:

Ըստ թերթի` իրավապահները ստուգում են այս տեղեկությունները, քանի որ հրկիզված տան մոտակայքում այրված մեքենաներ են հայտնաբերվել։