կարևոր
586 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-30 11:41
Աշխարհ

Հայտնի են Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու Թրամփի պլանի մանրամասները. Իսրայելն ընդունել է այն

Հայտնի են Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու Թրամփի պլանի մանրամասները. Իսրայելն ընդունել է այն

Վաշինգտոնը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու պլան է ներկայացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ Գազայի հատվածում պատերազմը շուտափույթ ավարտ կունենա և հայտարարել է, որ այդ հարցով համաձայնությունը ավելի քան մոտ է։  

Թրամփը նշել է, որ Իսրայելը ընդունել է իր առաջարկած խաղաղության պլանը։ Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ից դեռ համաձայնություն չեն ստացել և ասել է, որ ՀԱՄԱՍ-ից համաձայնություն չստանալու դեպքում Իսրայելը կունենա Վաշինգտոնի ամբողջական աջակցությունը՝ ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններում։ 

Վաշինգտոնի առաջարկած պլանը ենթադրում է, որ Իսրայելի կողմից դրան հավանություն տալուց հետո 72 ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդները պետք է ազատ արձակվեն։ Իր հերթին Իսրայելն ազատ է արձակելու  հարյուրավոր պաղեստինցի պատանդներին և աստիճանաբար դուրս է բերելու իր զորքերը Գազայի հատվածից։ 

Պլանի համաձայն՝ Գազայի հատվածը դառնում է ապառազմականացված գոտի, իսկ ՀԱՄԱՍ-ը պետք է հրաժարվի պաղեստինյան այդ շրջանը որևէ ձև կառավարելու դերից, իսկ խմբավորման անդամները, որոնք վայր կդնեն զենքերը, կկարողանան հեռանալ արտերկիր։ 

Այս քայլերից հետո, համաձայն պլանի, Գազայի հատվածում կտեղակայվեն միջազգային ուժեր և կսկսվեն հումանիտար օգնության մասշտաբային մատակարարումներ։ Բացի այդ, կստեղծվի հատուկ տնտեսական գոտի։ Նշվում է նաև, որ Գազայի հատվածից մարդկանց բռնի տեղահանում չի իրականացվելու։ 

Գազայի հատվածը անցումային շրջանում կղեկավարվի տեխնոկրատների կոմիտեի կողմից՝ մինչև պաղեստինյան կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը։ Այդ կոմիտեն կձևավորվի պաղեստինցիների և փորձագետներից՝ ամբողջ աշխարհից։ Ի թիվս այլոց՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։ Թրամփը հայտարարել է, որ հանձնաժողովը ինքն է ցանկանում գլխավորել։