կարևոր
532 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-21 19:43
Հասարակություն

Իրական Հայաստանում չի կարող թիրախավորվել Եկեղեցին, ուրացվել Հայոց ցեղասպանությունը, փակվել Արցախի էջը․ Իշխան Սաղաթելյան

Իրական Հայաստանում չի կարող թիրախավորվել Եկեղեցին, ուրացվել Հայոց ցեղասպանությունը, փակվել Արցախի էջը․ Իշխան Սաղաթելյան

«Այսօր մեզ պարտադրում են կեղծ հակադրություն՝ իբր գոյություն ունի «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան»։ Բայց դա մտացածին հակադրություն է։ Որևէ վեճ չկա պատմական և իրական Հայաստանի միջև։

Պատմական Հայաստանը հենց մեր իրականությունն է։ Այն մեր անցյալն է, որ մեզ տվել է անկախություն։ Այն մեր պատմությունն է, որ մեզ պարտավորեցնում է կերտել ապագա։

Իրական Հայաստանը մեր պատմական Հայաստանի շարունակությունն է՝ մեր պայքարի արդյունքում ստեղծված պետությունը, մեր ինքնության պաշտպանն ու ապագայի երաշխիքը։ Իրական Հայաստանին հակադրել պատմականին՝ նշանակում է որդուն հակադրել հորը։

Իրական ինքնիշխան Հայաստանը՝ հայկական Հայաստան է։
Իրական Հայաստանը չի կարող զուրկ լինել պատմությունից։
Իրական Հայաստանում չի կարող թիրախավորվել Հայ Առաքելական Եկեղեցին։
Իրական Հայաստանում չի կարող ուրացվել Հայոց ցեղասպանության փաստը։
Իրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը։
Իրական Հայաստանում ոչ մի պետության պահանջ չի կարող ավելի բարձր լինել, քան մեր անկախության հռչակագիրը։

Ուրեմն այն, ինչ մեզ մատուցում է այս վարչախումբը, իրական և ինքնիշխան Հայաստանի կոնցեպտ չէ։ Այն իրականում Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի մոդելն է՝ փոքր,թույլ, հանձնված և պարտված։ Հայաստան, որի բնակիչները զրկված են և՛ հիշողությունից, և՛ ազգային  դիմագծից։ Մինչդեռ իսկական, իրական Հայաստանը հզոր պետությունն է․ պետություն, որը հիշում է իր անցյալը և կարողանում է պաշտպանել իր իրավունքները»,- Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպերպած տոնական երթի ժամանակ ելույթ է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։