կարևոր
1750 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-10 11:46
Հասարակություն

Մասնագիտությամբ բուժքույր պատգամավորը կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման տեստ հանձնել, ապա դա վիրավորանք է․ Անուշ Պողոսյան

Մասնագիտությամբ բուժքույր պատգամավորը կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման տեստ հանձնել, ապա դա վիրավորանք է․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Այս կինը պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն է, մասնագիտությամբ բուժքույր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն է և նա կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման տեստ հանձնել, ապա դա վիրավորանք է և համարժեք պատասխանը պետք է լինի՝ ընտանիքի մորը, կնոջը պետք է անվանեն անբարո և ուղորդեն սեռավարակի տեստ հանձնել։

Սիրելիներս, այս կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 1-ից բժիշկներին աշխատելու համար պարտավոեցնելու է անցնել համապատասխան հետազոտություններ՝ ապացուցելու, որ իրենք թմրամոլ կամ ալկոհոլիկ չեն։ Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջից, ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա բժիշկներից․․․»։

Հիշեցնենք՝ նախօրեին Թագուհի Թովմասյանը պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին պահանջել էր, որ Թագուհի Թովմասյանն ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ իբր տեսնեն, թե չորս տուն որտեղից իրեն։ Թագուհի Թովմասյանն արձագանքել էր՝ նշելով, որ ինքը չունի չորս տուն և դիմել էր Արթուր Հովհաննիսյանի մայրիկին, որ զբաղվի որդու դաստիարակությամբ ու բացատրի, որ կնոջ մասին նման բառապաշարով ու բովանդակությամբ չեն խոսում։

Ավելի ուշ էլ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությանների կին պատգամավորները հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Արթուր Հովհաննիսյանի՝ Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները։

«Հատկանշական է, որ Արթուր Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով․ նա հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։

Անընդունելի համարելով Ազգային ժողովի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հանրային հարթակում նման կնոջը թիրախավորող և նվաստացնող բառապաշարի կիրառումը՝ մենք պահանջում ենք․

ա. Արթուր Հովհաննիսյանի կողմից հրապարակային ներողություն՝ իր հայտարարությունների համար,

բ. Ազգային ժողովի ղեկավարության հստակ, հասցեական և հրապարակային դատապարտում, ինչպես նաև Ա. Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում»։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությանները ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես են գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։