կարևոր
2482 դիտում, 5 ժամ առաջ - 2025-09-08 20:17
Հասարակություն

Հայ կրթական հիմնարկությունը իր հեղինակավոր «Educational Visionaries Award» մրցանակը շնորհել է Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին

Հայ կրթական հիմնարկությունը իր հեղինակավոր «Educational Visionaries Award» մրցանակը շնորհել է Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին

Սեպտեմբերի 7-ին, Բևերլի Հիլզի «Hilton» հյուրանոցում, Հայ կրթական հիմնարկությունը (AEF) Armenian Educational Foundation իր հեղինակավոր «Educational Visionaries Award» մրցանակը շնորհեց Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին։ Վերոնիկա Զոնաբենդը ներկա էր պարգևատրման արարողությանը և ստացավ մրցանակը նաև Ռուբենի փոխարեն, քանի որ Ռուբեն Վարդանյանը, ցավոք, շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ։

Մենք սրտանց շնորհավորում ենք Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ այս արժանի և խորհրդանշական գնահատանքի կապակցությամբ։ Նրանց տեսլականն ու նվիրումը կրթությանը ոչ միայն փոխեցին Հայաստանի կրթական դաշտը, այլև բերեցին համաշխարհային ճանաչում։ UWC Դիլիջանի հիմնադրումը նոր հորիզոններ բացեց հազարավոր աշակերտների համար՝ այդ թվում նաև արցախցի ուսանողների, ովքեր հասանելիություն ստացան համաշխարհային կրթությանը։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև Հայ կրթական հիմնարկությանը՝ այս կարևոր նախաձեռնության համար։ AEF-ը տարիներ շարունակ եղել է արցախցի ուսանողների կողքին՝ տրամադրելով կրթաթոշակներ, ստեղծելով ուսման և զարգացման հնարավորություններ հայրենիքում։

Այս պարգևատրումը մեզ համար ևս մեկ առիթ է վկայելու, որ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ներդրումների շնորհիվ մենք կարողանում ենք իրականացնել բազմազան մարդասիրական ու կրթական ծրագրեր՝ հույս և ապագա բերելով հազարավոր մարդկանց։

Շնորհակալ ենք Ռուբենին և Վերոնիկային՝ իրենց տեսլականի, համարձակության և անշեղ նվիրումի համար։ Շնորհակալ ենք նաև Հայ կրթական հիմնարկությանը՝ կրթական մեծ առաքելության և հայ ուսանողներին մշտապես աջակցելու համար։

Այս կարևոր պահին ևս մեկ անգամ կոչ ենք անում միանալ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջին։