կարևոր
952 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-08 09:17
Քաղաքական

Որտե՞ղ է անցկացվելու «3+3» ձևաչափով նախարարական հանդիպումը. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

Որտե՞ղ է անցկացվելու «3+3» ձևաչափով նախարարական հանդիպումը. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

ՀՀ արտգործնախարարությունը տեղեկություն չունի «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման անցկացման ճշգրիտ ժամկետների և վայրի մասին: Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։

Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը IRNA-ին տված հարցազրույցում ասել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում:

«Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հերթական հանդիպումը։ Նմանօրինակ պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի Հանրապետությունը»,- Sputnik Արմենիային պատասխանել են ԱԳՆ–ից։

Գերատեսչությունը նաև նշել է, որ հանդիպման անցկացման ժամկետները և վայրը որոշելու համար պետք է անցկացվեն քննարկումներ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ նախարարական հանդիպումը նախապատրաստվում է, իսկ Մոսկվան կողմ է, որ հաջորդ երկու հանդիպումները կայանան Բաքվում և Երևանում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը՝ մի կողմից, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան՝ մյուս կողմից)։ Վրաստանը դեռևս չի մասնակցում նիստերին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս հայտարարել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է։

Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։