կարևոր
457 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-25 20:32
Հասարակություն

Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա, ամո՛թ է. Միքայել Սրբազանը՝ դատավորին

Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա, ամո՛թ է. Միքայել Սրբազանը՝ դատավորին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում իրականացված խուզարկության ընթացքում առևույթ խախտմամբ ձեռք բերված տվյալներն անթույլատրելի ապացույց չճանաչվեցին։

Թեև Միքայել Սրբազանի կեցավայրում խուզարկությունն իրականացվել է առանց պաշտպանների մասնակցության, տեսանկարահանումն իրականացվել է անհայտ անձի՝ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, չի բացառվում՝ բացարկման ենթակա անձի կողմից է իրականացվել տեսանկարահանումը, դատարանը մերժեց ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդությունը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դատարանն անօրինական որոշում կայացրեց։

«Անկեղծ ասած՝ խորը ցավով եմ ասում, այնքան բացահայտ ու ակնհայտ եք, դատարանի այն ձևակերպումները, որոնք համահունչ են մեղադրանքի կողմի հետ, թույլ է տալիս համոզվելու, որ դատարանն արդեն վերջնական որոշում կայացրել է»,- ասաց Սարգսյանը։ 

Նախագահող Արմինե Մելիքսեթյանը նշեց, թե բավարար փաստարկներ չկան, որ վարույթն իրականացնող մարմինն իմացել է, որ փաստաբանը ցանկացել է մասնակցել խուզարկությանը և որ խոչընդոտվել է փաստաբանների մասնակցությունը՝ խուզարկությանը, ուստի, միջնորդությունը մերժեց։ 

Միքայել Սրբազանն արձագանքեց՝ «դա նույնիսկ ծիծաղելի չէ այլևս, ամոթ է, ամոթ։ Ավելի խիստ գնահատականներ էլ կարող ենք տալ։ Կարող եք ցմահ բանտարկություն էլ տալ ինձ, վախեցող չկա», ինչին ի պատասխան դատարանը նկատողություն հայտարարեց Սրբազանին։ «Պահ, գիշերը չեմ քնի»,- արձագանքեց Միքայել Սրբազանը։

Հիմնական դատալսումները մոտեցան ավարտին։ Նախագահողը ժամանակ կտրամադրի՝ եզրափակիչ ելույթներով հանդես գալու համար։ 

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Սրբազան հորը մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում  իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։ Հատկանշական է մեկ հանգամանք ևս․ իրավապահները ոչ միայն, խախտելով անձի՝ նույն ենթադրյալ արարքի համար երկրորդ անգամ չդատվելու սկզբունքը հետապնդում են հարուցել տարիներ առաջ արված հայտարարության համար, այլև՝ քրեական գործի հարուցումից օրեր անց, առանց Սրբազանին ծանուցելու, հունիսի 26-ին նախ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկությունների, ապա՝ զինված ներխուժել են Վեհարան, որտեղ քահանայաց ժողով էր ընթանում՝ փորձելով «մասկի շոու» բեմադրել, ինչը չի հաջողվել, քանի որ Սրբազանն ինքնակամ է ներկայացել։ 

Ավելին՝ տեսանյութում: