կարևոր
5527 դիտում, 15 ժամ առաջ - 2025-07-25 21:50
Քաղաքական

Փաշինյանը թող իմանա՝ Էջմիածնում իր սրբապիղծ հավաքին հակազդեցություն է լինելու. Քրիստինե Վարդանյան

Փաշինյանը թող իմանա՝ Էջմիածնում իր սրբապիղծ հավաքին հակազդեցություն է լինելու. Քրիստինե Վարդանյան

«Փաշինյանը հաստատեց՝ խաղաղության պայմանագիր կոչվածում կա Ալիևի պատկերացրած ռևանշիզմի դեմ պայքարի կետը, որն ամրագրվել է դինավագիտորեն ձևակերպված, և որը թույլ է տալիս երկրի ներքին գործերին միջամտել այնքան, որքան ցանկանան: Փաշինյանը հաստատեց դա, ասաց՝ մենք պայմանավորվել ենք, որ պետք է պայքարենք երկու երկրներում խաղաղության օրակարգի դեմ պայքարողների դեմ: Ես ԱԳ նախարարին հարցրել էի՝ օրինակ՝ Կաթողիկոսին ռևանշիստ համարո՞ւմ եք. պարզվեց, որ համարում են, որովհետև Փաշինյանը չի որոշում իր թիրախները, դա որոշում են Ալիևը և Էրդողանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ շեշտելով՝ Ալիևի և Էրդողանի համար առաջին հերթին թիրախ են ինստիտուտներն ու կառույցները, որոնք կարող ենք իրավիճակի փոփոխության դեպքում արագորեն նպաստել պետականության վերականգնմանը:

«Բայց նաև թիրախ են անհատները՝ գեներալներ, նախագահներ, բոլորը, ովքեր ի վիճակի են ապահովել մոբիլիզացիա: Պատահական չէր, չէ՞, ի վերջո, որ ձերբակալությունների ալիքը տեղի ունեցավ մեկ Էրդողանի հետ հանդիպման օրը, մեկ՝ Ալիևի: Այսինքն՝ Փաշինյանը խնդիր ունի Ալիևին և Էրդողանին ցույց տալու, որ ինքը տիրապետում է իրավիճակին, որ պետք է իր հետ բանակցեն և պայմանավորվեն, որ իր այլընտրանքը, այսպես ասած, ռևանշիստներն են, դրա համար էլ այս ամենն իրականացվում է»,- շեշտեց նա:

Քրիստինե Վարդանյանն շադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ խաղաղության պայմանագիր կոչվածը Հայաստանի կողմից ուժի մեջ է մտել՝ առանց ստորագրման. «Միայն Հայաստանն է այն կատարում: Միայն այս «ռևանշիզմի» դեմ պայքարի կետը չէ հարցը: Անցած տարի Մեղրիի հատվածից դուրս բերվեցին ռուսական զորքերը. դա պայմանագրի այն կետի կատարումն էր, ըստ որի՝ երրորդ երկրի ուժեր չեն կարող տեղակայվել սահմանին: Եվրոպական դիտորդներն արդեն անգամ խուսափում են սահմանին շատ մոտ հատվածներ այցելելուց: Այսինքն՝ այդ պայմանագիրն ուժի մեջ է մտել առանց ստորագրման և այն պարագայում, երբ Ադրբեջանն անընդհատ ավելացնում է իր պայմանները, որպեսզի ստորագրի»:

Նա շեշտեց՝ Փաշինյանի, Թուրքիայի և Ադրբեջանի թիրախները նույնն են՝ Հայ Առաքելական եկեղեցին, ազգային կուսակցությունները, անհատները, Սփյուռքը. «Եկեղեցու դեմ հարձակման հետաձգման պատճառներից մեկն այն է, որ չի ստացվում իր պատկերացրածի չափով մոբիլիզացիան, իսկ հակառակ կողմում կոնկրետ մոբիլիզացիա նկատվում է: Փաշինյանը տեսնում է, որ կա դիմադրություն՝ Եկեղեցու դեմ իր արշավին: Երբ խոսում ենք Եկեղեցու պաշտպանության մասին, մենք Փաշինյանը չենք, որ կոչ անենք մահակներով, քարերով ոստիկանների վրա հարձակվել:

Խոսքն այն մասին է, որ երբ Փաշինյանը կոչ անի իր սրբապիղծ հավաքի, նախ՝ մեր հայրենակիցներին ամեն կերպ հորդորում ենք չմասնակցել դրան, որովհետև դա մեղք է ամբողջ կյանքի համար, և հանցագործություն է, որի համար Փաշինյանը կարող է հետո ինչ-որ պատճառաբանություններ բերել, բայց մասնակիցները պատասխանատվություն են կրում, և երկրորդը՝ խոսքը այդ նույն պահին Մայր Աթոռում մեր ներկայությամբ մեր անվերապահ աջակցությունը մեր եկեղեցուն հայտնելու մասին է»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ եթե Փաշինյանը հավաք անցկացնի Էջմիածնում, ընդդիմությունը Մայր Աթոռում է լինելո՞ւ, նա պատասխանեց. «Ընդդիմությունը չէ՝ ավելի լայն, հասարակությունը, որ աջակցում է եկեղեցուն, նաև ընդդիմության կազմակերպմամբ լինելու է Մայր Աթոռում՝ խաղաղ հավաքի: Փաշինյանը պետք է իմանա, որ եթե ինքը գնում է այդպիսի գործողության, հանդիպելու է հակազդեցության: Հակազդեցությունը լինելու խաղաղ, լինելու է ներկայությամբ, և այդ ներկայության չափն ու մասշտաբներն են, որ ցույց են տալու աջակցությունը, ոչ թե՝ բռնի գործողությունները:

Շատ կարևոր է Փաշինյանին զրկել որևէ հիմնավորմամբ բախումներն ու անկարգությունները հակառակորդների վրա գցելու հնարավորությունից: Բնականաբար, մենք պետք է ականջալուր լինենք Վեհափառ Տիրոջը, Հայ Առաքելական եկեղեցուն և գործենք համադրաբար, բայց մեր աջակցությունը հայտնելը նվազագույնն է, որ պետք է անենք: Թող ՔՊ-ականներն են իմանան՝ դա արժանանալու է հակազդեցության: Հակազդեցությունը խաղաղ հանրության ներկայությունն է լինելու: Ես վստահ եմ, որ ավելի շատ մարդ մոբիլիզացվելու է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, քան անգամ վարչական ռեսուրսներով, քաղաքացիական հագուստով ոստիկաններով՝ Փաշինյանի շուրջ՝ այս հարցում»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: