կարևոր
1993 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-23 12:54
Հասարակություն

Համազգայինի ուսանողական հավաքի 30 ամյակը՝ Հայաստանի էպիկ ձայնի հնչեղությամբ

Համազգայինի ուսանողական հավաքի  30 ամյակը՝ Հայաստանի էպիկ ձայնի հնչեղությամբ

Համազգային հայ կրթական և մշակութային միությունն արդեն 97 երկար տարիներ իր մեծ ավանդն ունի օտար ափերում հայ սերունդների հայեցի կրթման ու դաստիարակման գործում: Այդ կարևոր նպատակին են ծառայում Սփյուռքի տարբեր օջախներում գործող Համազգայինի ճեմարանները, նախակրթարանները, թատերախմբերն ու համույթները:

Հայապահպանմանն ու հայրենաճանաչողությանն ուղղված նշանակալից նախաձեռնություններից է Համազգայինի ամենամյա ուսանողական հավաք, որն արդեն 30 տարի Մայր Հայաստանում համախմբում է աշխարհի տարբեր կողմերում ապրող հայ ուսանողներին: Համազգայինի ֆորումը յուրօրինակ  կամուրջ է Հայրենիքի ու Սփյուռքի միջև՝ միավորելով պատմությունն ու ազգային արժեքները, համահայկական երազանքներն ու ինքնության պահպանումը:

Հուլիսի 22-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքվել էին աշխարհի տարբեր կողմերից ժամանած համազգայնականներ, նախկին ու ներկա ֆորումականներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ նշելու ուսանողական ֆորումի 30 ամյակը: 

Բեմից հնչեցին երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտ,  ֆորումական ՍԷրուժ Պաղտասարեանի կողմից մշակված մի շարք ազգային, հայրենասիրական ստեղծագործություններ՝ նորագույն մոտեցնումներով ներկայացնելով արդեն իսկ սիրված երգերն ու ավանդական երաժշտությունը:

«Խորը յարգանքով և ուրախութեամբ կը համագործակցինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որ միշտ ալ կը հանդիսանա հայ երաժշտութեան շքեղութեան և վարպետութեան փայլուն օրինակ: Երաժշտութեան միջոցով այսօր պիտի հաստատենք, որ հայ մշակոյթը միայն թանգարանային արժէք չէ, այլ՝ ապրող իրականութիւն,- Համազգայինի անունից  ողջույնի խոսքում նշեց Արին Պուլուզեան-Գալուստեանը և շեշտեց օրվա՝ ևս մեկ կարևոր խորհուրդ,- այս համերգը կը նուիրուի մեզմէ առհավէտ հեռացած ֆորումականներ Արտակ Իշխանեանի / նահատակված Արցախի 44 օրեայ պատերազմին/ եւ Էտուին Իսաղուլեանի / մահացած ԱՄՆ/ անթառամ հիշատակին»:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան նաև Երևանի պետական կամերային նվագախումբը և «Կամերտոն» վոկալ ստուդիան:

Մոտ երկու ժամ տևած համերգային ծրագիրը  ներկաներին տարավ  մի ոգեղեն ճամփորդությամբ, որտեղ  յուրաքանչյուրը կարողացավ գտնել իր բաժին Հայրենիքը, զգալ հողի ուժն ու ազգային արմատն ամուր պահելու կարևորությունը: 

Նշենք, որ այս օրերին Հայաստանում շարունակում է ընթանալ Համազգայինի ուսանողական հավաքը, որն իր շուրջն է համախմբել երեք տասնյակից ավելի երիտասարդների՝ Սփյուռքի տասը երկրներից, Հայաստանից ու Արցախից: