կարևոր
1057 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-18 10:54
Հասարակություն

Փաշինյանի ասուլիսը ոչ այլ ինչ էր, քան կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ. Քերովբե քահանա

Փաշինյանի ասուլիսը ոչ այլ ինչ էր, քան կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ. Քերովբե քահանա

Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր՝ տեր Քերովբե քահանա Բարսեղյանը գրում է․

«ՀՀ վարչապետի երեկվա ասուլիսը ոչ այլ ինչ էր, քան կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ: Թերևս մեզ ծանոթ է վարչապետի այս նկարագիրը, որը նաև փորձում է աստվածաբանի ու քրիստոնյայի բարի կերպար ստեղծել՝ ասելով, թե Հայ Եկեղեցու հետևորդ է և Հիսուս Քրիստոսն իր իդեալն է:

Պարզաբանում ենք, թե ինչ է նշանակում լինել Հայ Եկեղեցու հետևորդ.

Ա․ անձը պետք է մկրտված լինի Հայ Եկեղեցում,

Բ․ անվերապահորեն ընդունի Հայ Եկեղեցու դավանությունը,

Գ․ ընդունի Հայ Եկեղեցու նվիրապետությունը (հոգևոր իշխանությունը),

Դ․ Սուրբ Պատարագի միջոցով մշտապես հաղորդության մեջ լինի Մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Իրեն Հայ Եկեղեցու հետևորդ համարող վարչապետը ե՞րբ է վերջին անգամ մասնակցել Սուրբ Ծննդյան կամ զատկական պատարագներին, տարվա մեջ քանի՞ անգամ է հաղորդակից եղել Տիրոջ կենդանարար մարմնին և արյանը։ Չէ որ Ավետարանն է պատվիրում․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու Մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ․ 6․ 54):

Հայ հասարակությունը տեղյակ չէ, հետևաբար նա ոչ միայն անհաղորդ է Հիսուս Քրիստոսին, այլև դուրս է Հայ Եկեղեցուց:

Նման մարդկանց համար է Հակոբոս առաքյալն ասում. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված․ լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում»։

Զարհուրելի ու եղկելի, ամեն ստորության ու նենգության ընդունակ, ոչ մի սրբություն չունեցող վարչապետն ամեն օր իր գրառումներով ու անօրինական գործողություններով դիվային քայլեր է անում և դրանք փաթեթավորում ազգային շահավետ գաղափարախոսությամբ: Զորօրինակ երեկվա ասուլիսը, բայց հայ ժողովուրդն արթուն է ու դեռ կասի իր խոսքը»: