կարևոր
3049 դիտում, 1 օր առաջ - 2025-07-10 14:25
Քաղաքական

Աբու Դաբիում Փաշինյանի և Ալիևի միջև բանակցություններն ավարտվել են

Աբու Դաբիում Փաշինյանի և Ալիևի միջև բանակցություններն ավարտվել են

Աբու Դաբիում Փաշինյանի և Ալիևի միջև բանակցություններն ավարտվել են: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հանդիպումը տևեց մոտ 5 ժամ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, հայկական և ադրբեջանական կողմերը բանակցել են 2 անգամ ընդլայնված կազմով, 2 անգամ Փաշինայն-Ալիև դեմ առ դեմ ձևաչափով:

Ըստ ադրբեջանական կողմի՝ քննարկվել են, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հիմնական հարցերը։ Միաժամանակ նշվել է «Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման» մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել ինչպես աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր քաղաքական մակարդակով։

Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Հայկական կողմը ևս տարածեծ հաղորդագրություն Փաշինյան-Ալիև հանդիպումից, որը ներկայացնում ենք ստորև․

«2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:

Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»: