կարևոր
2296 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-24 14:27
Քաղաքական

Առնվազն բադակտուց պետք է լինել այս ամենը չհասկանալու համար․ Արթուր Խաչատրյանի արձագանքը

Առնվազն բադակտուց պետք է լինել այս ամենը չհասկանալու համար․ Արթուր Խաչատրյանի արձագանքը

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան գրում է․

«Շա՜տ տարօրինակ զուգադիպություն

Դե ինչ, ամփոփենք։ Իսրայելը հարձակվում է Իրանի վրա՝ մեր տարածաշրջանը վերածելով եռացող կաթսայի և Հայաստանի համար կարևորագուն ռիսկեր առաջցնելով։ Բավարար է նշել, որ ռմբակոծության ենթարկվող Թավիրզից մինչև Մեղրի համարյա նույն հեռավորությունն է, ինչ Երևանից Վայք։ Նույն օրերին Նիկոլ Փաշինյանը սաստկացնում է իր գրոհը Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ հարվածի տակ դնելով շուրջ տասնհինգ դար մեր ազգային և հոգևոր ինքնությունը պահպանող կառույցը։ Ձերբակալվում, այնուհետև կալանավորվում է հայտնի բարերար Սամվել Կարապետյանը, ով իր հրապարակային աջակցությունն էր հայտնել եկեղեցուն։ Փաշինյանի թիրախում են հայտնվում նաև կուսակցություններ, շարժումներ, անհատ գործիչներ, ովքեր կանգնում են եկեղեցու թիկունքին։ Սլաքներն ուղղվում են հատկապես Դաշնակցության, «Հայաստան» դաշինքի և «Սրբազան դաշինքի» դեմ։ Նիկոլն ապացուցում է, որ Հայաստանում արդարադատություն չկա, օրինականություն չկա, իրավապահ համակարգը մեկի ձեռքի խաղալիքն է։ Ճիշտ այդ նույն օրերին հայտնի ուժեր և մարդիկ զրպարտչական, ստի ու կեղծի արշավանք են սկսում ՀՅԴ դեմ։ Շատ տարօրինակ զուգադիպություն է, շատ․․․

Երեկ հայտնի մի օբյեկտ, ակնհայտ սուտ տեղեկություն տարածեց իմ մասին։ Չէի էլ իմանա այդ գրառման մասին ու, բնականաբար, չէի արձագանքի այդ կեղծիքին, եթե բազմաթիվ ընկերներ դրա մասին ինձ չգրեին։ Վերջիվերջո, ավելի ռեսուրսախնայող մոտեցում է մեկ անգամ հրապարակավ արտահայտվել, քան 10 հոգու պատմել, որ գրածը սուտ է։ Իսկ այսօր իմացա, որ հայտնի օբյեկտը նաև որոշել էր իր ճղճիմ մեղադրանքներն ուղղել իմ լավ ընկեր Լիլիթ Գալստյանի դեմ։ Ո՞վ է Լիլիթը, ի՞նչ ուղի է անցել, գաղտնիք չէ, հայտնի է շատերին, առանձին տրակտատ չգրեմ։ Ուղղակի նշեմ, որ ինքը խորհրդարանի ամենաարդյունավետ և ամենահարգված պատգամավորներից է, թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում։ Կուզեի տեսնել, թե այդ օբյեկտի սրտի պատգամավորը (վստահ եմ, որ կունենա) Լիլիթի արժանիքների քանի՞ տոկոսն ունի։

Եվ վերջապես մի հարցի էլ կուզեի անդրադառնալ։ Խորհրդարանական դիվանագիտությունը խորհրդարանական գործունեության կարևորագույն բաղադրիչներից է։ Մանավանդ այսօր, երբ իշխանություններն արտաքին ճակատի վրա պարտվողական քաղաքականություն են վարում, «խաղաղության» անվան տակ զիջում են հնարավոր ու անհնար ամեն ինչը, երբ ուրացել են Արցախն ու արցախահայության իրավունքները, երբ կեղծում են հանրային տրամադրություններն ու գովերգում «հայկական ժողովրդավարությունը», երբ փորձում են մեկուսացնել և վարկաբեկել ըննդիմությանը՝ մեզ ներկայացնելով որպես պատերազմի հրձիգ՝ միջխորհրդարանական շփումները կարևորագույն նշանակություն են ստանում։ Իհարկե, խոսքս չի վերաբերվում բոլոր գործուղումներին, բայց մասնակցությունը միջխորհրդարանական վեհաժողովներին (ինչում, ի դեպ, օբյեկտը մեղադրել էր Լիլիթին) և առավել մեծ ազդեցություն ունցող երկրներ կատարվող այցերին հնարավորություն են ընձեռնում օտարերկրյա գործընկերներին ներկայացնել այլընտրանքային մոտեցումներ, օբյեկտիվ տեղեկատվություն, ինչպես նաև միջազգային տրամադրությունների ու մոտեցումների վերաբերյալ անմիջական տեղեկություններ ստանալ ու կապեր հաստատել։ Առնվազն բադակտուց պետք է լինել այս ամենը չհասկանալու համար»։